211652_close_icon
views-count17367 դիտում article-date 23:00 23-06-2017

Բաքվում սկսվել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատավարությունը. նրան մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատավարության առաջին նիստը: Բլոգերը մեղադրվում է պետական սահմանի ապօրինի հատման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման կոչերի համար: Նիստը նախապատրաստական բնույթ էր կրում: Նիստին մասնակցում էին Ադրբեջանում Իսրայելի, Ուկրաինայի և Ռուսաստանի դեսպանությունների ներկայացուցիչները: Իրավապաշտպաններից դատարանի դահլիճ թույլ էին տվել մտնել մոնիթորինգային խմբի ակտիվիստներ Սայիդա Գոջամանլիին և Սաադատ Բանանիարլիին: Անկախ մամուլի ներկայացուցիչներին թույլ չէին տվել մտնել դահլիճ: Ընդմիջումից հետո դատավոր Ալովսաթ Աբասովը հիմնական դատավարության առաջին նիստը նշանակել է հունիսի 30-ին: Բլոգերի փաստաբան Էդուարդ Չեռնինը խափանման միջոցը փոխելու համար միջնորդություն չի ներկայացրել: «Եկեք իրական դատենք. Ադրբեջանում նա բնակության վայր չունի, որտեղ կարող է մնալ: Առողջական վիճակը նորմալ է, բայց բժիշկների վերահսկողության տակ է և շարունակում է մնալ ՔԿՀ բուժկետում», – փաստաբանի խոսքերն է մեջբերում «Կավկազսկի ուզելը»՝ վկայակոչելով նիստի անանուն մասնակցի: Այն հարցին, թե արդյոք Լապշինն իրեն մեղավոր է համարում, փաստաբան Չեռնինն ասել է, որ «նա իրեն մասամբ մեղավոր է համարում», քանի որ իրոք այցելել է Լեռնային Ղարաբաղի տարածք՝ շրջանցելով ադրբեջանական օրենքները: Սակայն փաստաբանը հավելել է, որ իր պաշտպանյալն արել է դա «ճանաչողական նպատակով» և որ նա հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փոխանցում է «Թուրան» գործակալությունը: Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կալանավորվել է Բելառուսում 2016թ-ի դեկտեմբերին Ադրբեջանի պահանջով: Փետրվարի 7-ին նա արտահանձնվել է Բաքու, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 2 հոդվածներով՝ պետական սահմանի ապօրինի հատում և պետության դեմ ուղղված կոչեր: Այդ երկու հոդվածով բլոգերին մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում: [url=https://jam-news.net/?p=45777&lang=hy] JAMnews[/url]

Նմանատիպ նյութեր