Գյուղատնտեսության նախարարը Շիրակի մարզում ներկայացրել է ոլորտի առաջիկա ծրագրերը և նոր ներդրումային ծրագիր առաջարկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, որտեղ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի և գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:
Քննարկվել են գյուղատնտեսական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մասնավորապես ներկայացրել է կաթիլային համակարգի, հակակարկտային ցանցերի, ինտենսիվ այգիների ներդրման, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման փորձնական ծրագրերի հիմնադրույթները՝ ընդգծելով, որ արդեն մեկնարկել է գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը:
Նախարարը հավելել է, որ հուլիս ամսից կմեկնարկի գյուղատնտեսական դեզագրեգացված տվյալների աշխարհագրական թվայնացման համակարգի պիլոտային ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել տիեզերական պատկերների, հեռավար զոնդավորման, սպեկտրալ անալիզի վերլուծություն, վնասների գնահատում, գյուղատնտեսության ոլորտում առկա ամբողջ տվյալների հավաքագրում, ինչը հնարավորություն կտա առավել օպերատիվ և ճշգրիտ գնահատել վնասները:
Խոսելով գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրման անհրաժեշտության մասին՝ նախարարը նշել է. «Գյուղատնտեսական ապահովագրությունը, որի պիլոտային ծրագիրը նախատեսվում է սկսել 2018 թվականին, մեր կարծիքով, ոլորտի զարգացման ամենաարդյունավետ մեխանիզմն է, քանի որ ծախսերն ապահովագրելու դեպքում գյուղացին վստահ կլինի, որ դրանց շուրջ 90 տոկոսը փոխհատուցվելու է, և այլևս չի տնտեսի իր աշխատանքների մեջ, ինչը հնարավորություն կտա ապահովել տնտեսական աճ»:
Անդրադառնալով սերմնաբուծության զարգացման ծրագրին` նախարարը համոզմունք է հայտնել, որ հանրապետությունում առկա են բավարար պայմաններ այս ուղղությունը զարգացնելու համար: Իգնատի Առաքելյանը նշել է, որ տեղական սերմերի իրացումը երաշխավորելու պարագայում տեղական արտադրողն ինքը կավելացնի սերմարտադրության ծավալները:
«Ես համոզված եմ, որ մենք ունենք այդ հզորությունը՝ բավարարելու հանրապետությունում առկա սերմերի պահանջարկը և բարձրորակ սերմերի արտադրության շնորհիվ ապահովելու բերքատվության աճ: Կփորձենք առավել արդյունավետ դարձնել սերմնաբուծությունը: Համոզված եղեք, որ սերմնաբուծության զարգացման ծրագիրը հենց այդ նպատակին է ուղղված»,- նշել է Իգնատի Առաքելյանը:
Այս համատեքստում նախարարը պատրաստակամություն է հայտնել համագործակցել մարզում սերմարտադրությամբ զբաղվող բոլոր մասնագիտացված տնտեսությունների հետ:
Անդրադառնալով տեղական սերմերի գներին` նախարարը հավաստիացրել է, որ դրանք առավել մատչելի են:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]