211652_close_icon
views-count5156 դիտում article-date 14:22 29-06-2017

ՄԱԿ-ի փորձագետները Հայաստանում են. քննարկվում են գյուղատնտեսության ռիսկերի գնահատման մեխանիզմները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով` ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2017 թվականի ավարտը մշակել սննդամթերքի անվտանգության ոլորտում ռիսկերի գնահատման մոդել, իսկ 2018-2021 թվականների ընթացքում ներդնել այն և կիրառել ռիսկերի կառավարման մեխանիզմներ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս ուղղությամբ համագործակցության ու տեխնիկական աջակցության առաջարկով դիմել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (FAO/ՊԳԿ)՝ կարևորելով կազմակերպության փորձն ու փորձագիտական կարողությունները: Ակնկալվում է, որ համագործակցության արդյունքում կբարելավվեն Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտում ռիսկերի գնահատման կարողությունները՝ նպաստելով ռիսկերի գնահատման վրա հիմնված պետական վերահսկողության իրականացմանը: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրավերով Հայաստանում է գտնվում այս հեղինակավոր կազմակերպության պատվիրակությունը՝ Մերի Քեննի գլխավորությամբ: Որպես աջակցության առաջին քայլ, հունիսի 28-ին կազմակերպվել էր «Սննդամթերքի անվտանգության կարողությունների հզորացում՝ ոլորտի ռիսկերի կառավարման նպատակով» աշխատաժողովը՝ ինչպես Ծառայության, այնպես էլ շահագրգիռ նախարարությունների և կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Այս առաքելությունը մեծ նշանակություն ունի սննդամթերքի անվտանգության հարցում որակական նոր փուլի անցնելու և ոլորտի զարգացումն ապահովելու տեսանկյունից»,- ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ մասնավորեցրել է ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը: Ըստ նրա՝ ծրագիրը, որը նախատեսվում է մշակել, մեծապես նպաստելու է ոլորտում ռիսկերի գնահատման մեխանիզմների ներդրմանը, կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կառավարման ու վերահսկման հնարավորությունների ընդլայնմանը: ՊԳԿ փորձագետ Ժան Չարլզ Լեբլանկը ներկայացրել է սննդամթերքի վերահսկողության և ռիսկերի վերլուծության ոլորտներում կիրառվող ժամանակակից միջոցներն ու միջազգային փորձը, ռիսկերի գնահատման սկզբունքներն ու արդյունքների օգտագործման մեթոդները: Աշխատաժողովի ընթացքում նաև ներկայացվել են սննդամթերքի անվտանգության համակարգի կառավարման՝ մեր երկրի առանձնահատկությունները, ոլորտի օրենսդրությունը, սննդամթերքի անվտանգության հետ առնչվող կենդանիների առողջության հետ կապված հիմնահարցերը: Մասնակիցներն անդրադարձել են նաև ռիսկերի գնահատման և դրա վրա հիմնված ծրագրերի իրականացման համար կարևոր գործառույթներին, ոլորտի բացերին ու մարտահրավերներին, ինչպես նաև հզորացման կարիք ունեցող կարողություններին: ՊԳԿ փորձագետների հետ հունիսի 26-30-ը տեղի ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքում նախատեսվում է մշակել տեխնիկական աջակցության ու կարողությունների զարգացման երկամյա ծրագիր և այդ շրջանակներում բարելավել ռիսկերի գնահատման մեխանիզմները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր