211652_close_icon
views-count5238 դիտում article-date 20:00 29-06-2017

Մենք պետք է լինենք առաջին քայլողները, որպեսզի մեր հետևից տանենք նաև հոտը. Կանադայի հայոց թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյան

Հունիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայի հայոց թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանին: Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Բաբկեն Սրբազանի ազգասիրական, հայանպաստ գործունեությունը, համայնքը միավորելուն, հայապահպանությանն ուղղված նրա ջանքերը: Սփյուռքի նախարարը Բաբկեն արքեպիսկոպոսին ներկայացրեց նախարարության կատարած աշխատանքներն ու իրականացրած ծրագրերը, անդրադարձավ նոր ծրագրերին, «Հայրենիք-Սփյուռք» 6-րդ համաժողովի կազմակերպական աշխատանքներին: Բաբկեն Սրբազանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց համայնքի հաջողությունները և նվաճումները: Նա հպարտությամբ նշեց, որ Կանադայի հայկական համայնքի, կազմակերպությունների և դեսպանի ջանքերով Օտտավայի կենտրոնում` Համադաշնության պուրակում, տեղադրվել է հայտնի կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին, որը հայ ժողովրդի նվերն է Կանադայի ժողովրդին և խորհրդանշում է Կանադայի և Հայաստանի միջև ամուր բարեկամությունը: Սրբազանն անդրադարձավ նաև Մոնրեալում և Տորոնտոյում Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին նվիրված քայլարշավներին Կանադայի հայ համայնքի մասնակցությանը, որոնց միավորում էին մարդու իրավունքների պաշտպանության, Ցեղասպանությունների կանխարգելման, անկախության ու վերածնունդի գաղափարները: «Մենք պետք է լինենք առաջին քայլողները, որպեսզի մեր հետևից տանենք նաև հոտը: Ստեղծել ենք Միացյալ հանձնախումբ՝ տոները միասնական կազմակերպելու, համայնքային խնդիրները միասին լուծելու համար». հավելեց Կանադայի հայոց թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը: Քննարկվեցին սփյուռքի համայնքները միավորելու, համահայկական առաջնահերթություններին մասնակցելու միասնական համակարգող մարմին ստեղծելու, Հայաստանի սահմանամերձ գյուղերի աջակցության կազմակերպմանն առնչվող հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր