211652_close_icon
views-count9983 դիտում article-date 23:10 30-06-2017

«Երևանյան ամառ 2017». մայրաքաղաքում անցկացվեց «Խոսող խաղալիք» 4-րդ փառատոնը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Միսաք Մանուշյանի անվան պուրակում այս տարի արդեն 4-րդ անգամ անցկացվեց «Խոսող խաղալիք» փառատոնը, որին մասնակցեցին շուրջ 2 տասնյակ տիկնիկագործներ, ինչպես նաև նորաբաց «Տիկնիկների պատկերասրահը»: Փառատոնը բացվել է երեխաների համար նախատեսված խաղարկային և բազմապիսի այլ խաղալիքների ցուցադրությամբ, որին հաջորդել է հեքիաթների հերոսների շքերթը: Այնուհետև պուրակ այցելած փոքրիկներն ու նրանց ծնողները դիտել են Երևանի և Հայաստանի տարբեր քաղաքների տիկնիկային թատրոնների և ստուդիաների ներկայացումները: Արդեն ավանդական դարձած ու շատերի կողմից սպասված այս միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով, ողջունելով ներկաներին, կարևորել է տիկնիկագործական մշակույթի զարգացումը: «Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ փառատոնը տարեցտարի կատարելագործվում է: Այն այսօր շատ ավելի պրոֆեսիոնալ է կազմակերպվում և անհամեմատ ավելի ընդգրկուն է դարձել, և այս տարի ունենք շատ մասնակիցներ, այդ թվում նաև մարզերից: Սա, թերևս, ամենախոսուն վկայությունն է, որ տիկնիկագործական մշակույթը զարգանում է մեզանում, ինչն, անշուշտ, կարևոր է և ողջունելի», - նշել է Արամ Սուքիասյանը: Փառատոնի մասնակիցների համար հաճելի ակնկալ է եղել ֆրասնահայ հայտնի երգիչ Մարթեն Յորգանցի այցը: Չմերժելով ներկաների խնդրանքը՝ նա կատարել է իր հայտնի «Ճկույթիկ» երգը, որը, դատելով փոքրիկների աշխույժ արձագանքից, մինչ օրս մնում է հայ մանուկների ամենասիրված երգերից մեկը: «Խոսող խաղալիք» փառատոնի շրջանակում ամբողջ օրվա ընթացքում կազմակերպվել են հետաքրքիր շոու-ծրագրեր, ֆլեշ-մոբեր, խաղեր՝ մայրաքաղաքի երեխաներին պարգևելով գունազարդ և հեքիաթային օր: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր