6843 դիտում
12:43 04-07-2017
Քննարկվել է հայ-իրանական պայմանավորվածությունների ընթացքը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հանքերի, արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջի ղեկավարած պատվիրակությանը։
Նախարար Կարայանը ողջունել է Մոջթաբա Խոսրով Թաջին և շնորհակալություն հայտնել այցի համար: Նախարարի խոսքով՝ պաշտոնյայի հետ նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացման ընթացքում են, և դրական առաջընթաց կա բոլոր ուղղություններով: Սուրեն Կարայանն առանձնացրել է մասնավորապես արտահանման ապահովագրության ոլորտում Հայաստանի և Իրանի միջև համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները և միջպետական ստանդարտների համապատասխանության ոլորտում փոխգործակցությունը:
Մոջթաբա Խոսրով Թաջն իր հերթին հաստատել է ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող ընթացքը՝ նշելով, որ երկու երկրների արտահանողների առկա խնդիրները վեր հանելու և դրանց լուծումներ տալու նպատակով ստեղծված օպերատիվ խմբերն արդեն արդյունավետ աշխատում են։
«Ձեր այս այցը և մեր հանդիպումը ևս մեր պայմանավորվածությունների իրագործման քայլերից մեկն է։ Ուրախ եմ, որ պատվիրակության կազմում են նաև Իրանում գյուղտեխնիկայի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ։ Վստահ եմ, որ արդյունավետ համագործակցություն կհաստատվի այս ուղղությամբ ևս»,- նշել է Սուրեն Կարայանը։ Գործարարները հանդիպման ընթացքում ներկայացրել են իրանական գյուղտեխնիկան՝ տարատեսակները, հզորությունները, մատչելիությունը և այլ մանրամասներ։
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը իրանցի գործարարներին է ներկայացրել Հայաստանում գյուղտեխնիկայի պահանջարկի վերաբերյալ տեղեկություններ։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության գյուղատնտեսական ծրագրերը, մասնավորապես՝ գյուղտեխնիկայի տրամադրման լիզինգի պետական ծրագիրը, որի շուրջ համագործակցությունն առաջարկվել է դիտարկել ևս։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային հանդիպումներ նախաձեռնել ոլորտի հայաստանյան ներկայացուցիչների հետ՝ համագործակցության ձևաչափը քննարկելու նպատակով։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի առաջարկով իրանական ընկերությունների ներկայացուցիչները քննարկումներ կանցկացնեն նաև Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ։
Նմանատիպ նյութեր
2284 դիտում
19:22 31-10-2019
Փաշինյանը և Մեդվեդևը քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»