2407 դիտում
12:59 06-07-2017
Վարչապետը հանձնարարական է տվել ամփոփել սոցիալապես անապահով անձանց տվյալները
Այսօր՝ հուլիսի 6-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Անդրադառնալով ընտանիքների անապահովության գնահատման համակարգին՝ վարչապետը նշել է. «Ներկայումս գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կիրառման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն հատկապես հասցեականության և հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ, ինչը հիմնականում պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ: Առկա իրավիճակի կանոնակարգման նպատակով համարում ենք անհրաժեշտ անապահովության գնահատման գործընթացում ուսումնասիրել և հաշվի առնել նաև համապատասխան անձանց բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները»:
Գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և առաջարկել ՀՀ կենտրոնական բանկի նախագահին 1-ամսյա ժամկետում համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն: Հանձնարարվել է նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ՀՀ մարզպետերին, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և առաջարկվել Երևանի քաղաքապետին 2-ամսյա ժամկետում ամփոփել և արդիականացնել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական շտեմարանում առկա անձանց տվյալները և ապահովել դրանց ամբողջական տրամադրումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն անապահովության գնահատման գործընթացում կիրառելու նպատակով:
«Սոցիալական ապահովության համակարգում մենք ուզում ենք սոցիալապես անապահով ընտանիքների վերաբերյալ ամբողջ տեղեկությունն իմանալ՝ բանկային գործարքներ, անշարժ գույք և այլն, որպեսզի այնպես չստացվի, որ մենք սոցիալական աջակցություն ենք ցուցաբերում այն անձանց, որոնք դրա կարիքը չունեն»,-նշել է գործադիրի ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
15782 դիտում
14:04 15-09-2016
«Մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը». ՀՀ վարչապետը հանձնարարականներ է տվել
4181 դիտում
18:34 19-01-2017
Վարչապետը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին երկու հանձնարարական է տվել