211652_close_icon
views-count18425 դիտում article-date 10:13 20-07-2017

Զոհված զինծառայողի մայրը մահացել է սրտի հիվանդությունից. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ստեփանակերտում բնակվող լրագրող Նարի Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է այն մասին, որ մահացել է 2017 թվականի հունվարի 22-ին ադրբեջանական դիվերսիոն հարձակումից զոհված Կարեն Ուլուբաբյանի մայրը՝ Կարինե Ուլուբաբյանը: Նարի Հայրապետյանն armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Կարենի մայրը 49 տարեկան էր, ուներ սրտի հետ կապված առողջական խնդիրներ: Ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել վիրահատվել: «Կարենի մայրն առողջական խնդիրներ ուներ, դրա համար Կարենը պարտադիր ծառայությունն ավարտելուց մեկ ու կես ամիս հետո պայմանագրային զինծառայող դարձավ, որպեսզի կարողանա մոր ապաքինման հարցերը լուծի: Սրտի հետ կապված խնդիրներ ուներ, պետք է վիրահատվեր, բայց գումար չունեին: Շատ վատ էին ապրում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Նարի Հայրապետյանը: Նարի Հայրապետյանի տեղեկություններով` Կարեն Ուլուբաբյանի մորը` տիկին Կարինեին պետք է գումար հատկացվեր, որպեսզի նա վիրահատվեր: Սակայն Կարինե Ուլուբաբյանին «1000 դրամների հիմնադրամ»-ի ցուցակներում բավականին ուշ են ընդգրկել: Ընտանիքն ունի լուրջ ֆինանսական խնդիրներ: «Նրան ընդգրկել էին 1000 դրամների ցուցակ, որպեսզի վիրահատության գումար տային: Նրա հերթը օգոստոսին էր հասնելու, բայց ուշ եղավ, չհասցրեց»,- ասաց լրագրողը: Կարենի եղբայրը` Տիգրանը, այժմ ծառայում է Մարտունու այն զորամասում, որտեղ ծառայել է Կարենը: Վերջինիս քույրը այս տարի է ավարտել դպրոցը: Նարի Հայրապետյանի խոսքով` Կարենն ակտիվ մասնակցություն է ունեցել 2014-ի օգոստոսյան դիվերսիան կանխելու գործողություններին, երբ Մարտունու ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների ժամանակ հակառակորդը տվել էր 4 զոհ և 3 վիրավոր, իսկ հայկական կողմը՝ 1 զոհ և 4 վիրավոր: Կարեն Ուլուբաբյանը մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին: Կարենը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ Նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր