211652_close_icon
views-count3167 դիտում article-date 22:14 23-08-2017

«Երևանյան ամառ 2017». կազմակերպվել է 4-օրյա ճամբար՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով 5-րդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի ու Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող երեխաների համար կազմակերպվում է չորսօրյա հետաքրքիր ծրագիր: Նախաձեռնության նպատակը հատուկ կարիքներ ունեցող երեխաների ամառային հանգիստը բազմաբովանդակ դարձնելն է: Օգոստոսի 22-25-ն անցկացվող յուրօրինակ ճամբարին այս տարի մասնակցում է հաշմանդամություն ունեցող 100 երեխա՝ ծնողների հետ։ Երեխաները մեկ օր անցկացրել են Երևանի կենդանաբանական այգում: Շրջելով այգու տարածքում, նրանք հնարավորություն են ունեցել մասնակցելու կենդանիների կերակրման և խնամքի աշխատանքներին: Երեխաների առօրյան հագեցած է եղել նաև մարզական ու ժամանցային խաղերով: Ամառային ճամբարի օրերին երեխաներն այցելել են նաև Մանկական երկաթուղի, անվճար օգտվել խաղային ատրակցիոններից ու կարուսելներից, մարզվել և նկարել: Տարբեր հաշմանդամություն ունեցող երեխաներին սպասում է մարզական և ժամանցային միջոցառումներով հագեցած ևս երկու օր: Նշենք, որ հանգստի ծախսերը հոգում է Երևանի քաղաքապետարանը: Ծրագրի ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը: «Երևանի քաղաքապետարանն այս հինգ տարիների ընթացքում միջոցներ ձեռնարկեց ծրագիրն ընդլայնելու համար, որի շնորհիվ նախաձեռնությանը մասնակցել է 100 երեխա: Սակայն այսքանով մենք չենք բավարարվելու և առաջիկա տարիներին մտադիր ենք էլ ավելի ընդլայնելու ծրագիրն ու շահառուների թիվը: Պետք է ընդգծեմ նաև, որ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում ինչպես այս, այնպես էլ հաշմանդամություն ունեցող բազմաթիվ այլ երեխաներ ու երիտասարդներ հնարավորություն են ունեցել մայրաքաղաքում անցկացված տարբեր միջոցառումների մասնակիցն ու հանդիսատեսը լինելու՝ այդպիսով կոտրելով կարծրատիպերն ու նպաստելով նման խնդիրներ ունեցող անձանց Երևանի կյանքում ինտեգրմանը»,-նշել է Սամվել Մերթարջյանը: Հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ ամառային ճամբարը երեխաների ու ծնողների ամենասպասված ծրագրերից է և դրական ազդեցություն է ունենում երեխաների համար:

Նմանատիպ նյութեր