211652_close_icon
views-count7344 դիտում article-date 09:59 02-09-2017

Հայի ինքնության պահպանման գաղտնիքը քննարկվել է Կոնգրեսի գրադարանում. «Ամերիկայի ձայն»

«Ես վերաբացահայտեցի իմ հայի ինքնությունը որպես հասուն մարդ, երբ սկսեցի գիտակցել, թե ինչն է ինձ համար իրականում կարևոր»,- անվանի ամերիկայահ գրող Քրիս Բոհջալյանը նշում է, որ իր ազգային ինքնությունը միշտ իր հետ էր: «Մայրս էր, ով հորդորում էր ինձ կարդալ Վիլյամ Սարոյանի գրքերը, հիշեցնում Ռուբեն Մամուլյանի ֆիլմերի մասին»,- նշում է Բոհջալյանը: Իր հայի ինքնության մասին անվանի գրողը խոսել է Վաշինգտոնում՝ Կոնգրեսի գրադարանում անցնող Վարդանանց օրվա դասախոսությունների շրջանակներում: Նախաձեռնություն, որը շարունակվում է արդեն 21 տարի, դառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների կայունության ևս մի խորհրդանիշ, նշում է դասախոսությանը ներկա ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը. «Չնայած փոփոխությունների Հայաստանում և Միացյալ Նահանգներում, Կոնգրեսի գրադարանի նման հաստատությունները դրանց մշակութային նախաձեռնություններով օգնում են մեզ առավել զարգացնել հայ-ամերիկյան բարեկամությունը»: Վարդանանց օրվա դասախոսությունների նախաձեռնող, Կոնգրեսի գրադարանի աշխատակից Լևոն Ավդոյանի խոսքով, արդի գրողներից Քրիս Բոհջալյանը լավագույնս է մարմնավորում հայի ինքնության պահպանումը արտերկրում. «Երբ մտածում եմ գրականության մեջ ինքնության պահպանման մասին, միայն մեկ անուն է մտքովս անցնում ներկաներից, այնպես որ ես խնդրեցի Քրիսին խոսել գրական ստեղծագործության վրա ազգային ինքնության ազդեցության մասին»: Քրիս Բոհջալյանը հիշեցնում է, որ 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ամերիկյան հասարակության ուշադրության կենտրոնում էր. Մերձավոր Արևելքի օգնության կազմակերպության կողմից Միացյալ Նահանգների քաղաքացիներից հանգանակած գումարով հնարավոր եղավ փրկել ավելի քան 125 հազար կին և երեխա, իսկ ամերիկյան մամուլը Մեծ եղեռնին նվիրված հարյուրավոր հոդվածներ էր հրապարակում: Չնայած դրան, մեկ դար անց Միացյալ Նահանգների հասարակության մեծ մասը բավարար չափով տեղեկացված չէր Հայոց ցեղասպանության մասին: Այդ իսկ պատճառով Բոհջալյանը որոշում է գրել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը, որն առաջին հերթին ուղղված է արտերկրյա ընթերցողին. «Ինչ վերաբերում է ինքնությանն ու ցեղասպանությանը, երբ խոսում ենք ցեղասպանության մասին, միշտ խոսում ենք թվերի մասին՝ վեց միլիոն, մեկ և կես միլիոն: Բայց խոսքը միայն նահատակների թվի մասին չէ, խոսքը նաև նրանց կյանքի պատմությունների մասին է, և այդ պատճառով է կարևոր հավաքել այդ պատմությունները, հավաքել փաստաթղթերը, լուսանկարները, պահպանել մեր մշակութային ինքնությունը»: Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը թարգմանվել և հրապարակվել է տասնյակ լեզուներով՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում, Բրազիլիայում, Լատվիայում: Գիրք, որն ըստ Բոհջալյանի ևս մեկ անգամ հաստատում է հայերի դարերով անցած, ցեղասպանություն վերապրած ժողովրդի խոստումը՝ եղել ենք, կանք ու կլինենք: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4011988.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր