211652_close_icon
views-count11273 դիտում article-date 11:08 11-09-2017

Համահայկական նվագախումբը ելույթ կունենա դասական երաժշտության ամենահեղինակավոր «Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը

Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 13-ին ելույթ կունենա դասական երաժշտության ամենահայտնի և հեղինակավոր «Գրամոֆոն-2017» մրցանակաբաշխության ընթացքում: «Գրամոֆոնը» դասական երաժշտության ամենանշանակալի մրցանակաբաշխությունն է, ինչպես Օսկարը՝ կինոարվեստի, Նոբելյանը՝ գիտության, Բուկերը՝ գրականության բնագավառներում։ «Գրամոֆոն» ամենամյա մրցանակը տրվում է դասական երաժշտության ասպարեզում տարվա լավագույններին: Ի դեպ, 2017-ը «Գրամոֆոնի» համար հոբելյանական է. նշվում է վերջինիս 40-ամյակը։ Երեկոյի ընթացքում Համահայկական նվագախմբին, որը հանդես կգա մրցակցությունից դուրս, կմիանան դասական երաժշտության ամենահայտնի անունները՝ «Գրամոֆոնի» ներկա և նախկին մրցանակակիրները՝ շնորհավորելով այս խոշորամասշտաբ իրադարձության հոբելյանը։ Նախորդ տարիներին «Գրամոֆոնի» հանձնման հանդիսավոր երեկոները ղեկավարել են այնպիսի հայտնի դիրիժորներ, ինչպիսիք են սըր Քոլին Դևիսը, սըր Անտոնիո Պապանոն և այլք։ Այս տարի այդ պատիվը վերապահված է մաեստրո Սերգեյ Սմբատյանին, որը ի դեպ Լոնդոնում ուսանել է հենց սըր Քոլին Դևիսի մոտ։ Երկրորդ տարին անընդմեջ արարողությունն ուղիղ կհեռարձակվի medici.tv-ով. այդպիսով ամբողջ աշխարհի դասական երաժշտության սիրահարները հնարավորություն կստանան դիտելու բոլոր կատարումները և մրցանակակիրների ելույթները: «Գրամոֆոն-2017»-ի հանդիսավոր երեկոն տեղի կունենա Լոնդոնում՝ Նորթամբերլենդ պողոտայի շլացնող հանդիսավայրում: «Գրամոֆոն» ամսագրի գլխավոր խմբագիր Ջեյմս Ջոլին նշում է, որ ուրախ են, որ իրենց միանալու է Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը, որը բաղկացած է աշխարհի լավագույն նվագախմբերի հայ երաժիշտներից։ «Համահայկական նվագախմբի մասնակցությունն այս միջոցառմանն իսկապես կհաղորդի միջազգային հնչեղություն: Եվ մենք անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի երեկոյի ընթացքում վայելենք հայկական երաժշտությունն այն մարդկանց կատարմամբ, ովքեր իսկապես արձագանքում են դրա կախարդանքին»,- ասում է Ջեյմս Ջոլին:

Նմանատիպ նյութեր