5283 դիտում
14:22 14-09-2017
Գյուղվարկերի սուբսիդավորումը բավականին ծանր բեռ է, բայց մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալու. վարչապետ
Այսօր կառավարությունը հավանության արժանացրեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ներկայացրած՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:
Նախարարն ասաց, որ ծրագիրը վաղուց գործում է, սակայն այլ պայմաններով է գործում. «Վարկերը տրամադրվում են մինչև 8 տոկոս տոկոսադրույքով և մինչև 3 միլիոն: Ծրագրի փոփոխության հետ կապված մեր առաջարկն է՝ այն դարձնել ավելի արդիական և ուղղել գյուղացիական տնտեսությունների զարգացմանը: Այսպիսով նախատեսվել է մինիմալ շեմը դարձնել 3 միլիոն, մաքսիմալը՝ 10 միլիոն, մինչև 5 տարի ժամկետով և տրամադրել 5 տոկոսանոց վարկեր, մնացածը սուբսիդավորվելու է պետբյուջեի կողմից»։
Իգնատի Առաքելյանը, բացի այդ, տեղեկացրեց, որ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տվյալ վարկերը կտրամադրվեն 3 միլիոնով, որպեսզի լրացուցիչ աջակցություն լինի:
«Մենք ակնկալում ենք չորրորդ եռամսյակում մինչև 1600 շահառուի հետ պայմանագիր կնքել, շահառուները պարտադիր պետք է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամով ուսուցում անցնեն, պարտադիր մոնիտորինգ ենք իրականացնելու, որ հասցեական լինի ծրագիրը»,-ասաց նա և նշեց, որ գումարները լինելու են փուլային:
«Ակնկալում ենք, որ արդյունքում գյուղատնտեսության ոլորտում կզարգանա ներդրումային գրավչությունը, կընդլայնվեն տնտեսվարողների կարողությունները, հնարավորություն կստեղծվի շահառու տնտեսությունների կայունացման և արդիական տեխնոլոգիաների օգտագործման համար»,-ասաց նա:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց, թե բանկերի հետ բանակցությունները ինչ փուլում են, իսկ նախարարը նշեց, որ ընտրելու են, թե որ բանկը կտա ավելի նվազագույն շեմով տոկոսադրույք, որի հետ կսկսեն համագործակցել:
«Ուզում եմ ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրել գյուղատնտեսության ոլորտում ներկայումս իրականացվող քաղաքականության վրա: Ուղղակի ֆիքսենք՝ ինչ ենք անում. գյուղատնտեսության տրամադրման վարկի տոկոսը սուբսիդավորում ենք, որ օգտատերը վճարի ընդամենը 2 տոկոս, կաթիլային համակարգ դնողը՝ 2 տոկոս, հակակարկտային ցանցի օգտատերը՝ 2 տոկոս, ինտենսիվ այգի դնողը՝ 5 տոկոս»,-ասաց նա:
Չնայած դրան, վարչապետն ասաց, որ տնտեսական առումով կա վտանգ, քանի որ ինֆլյացիան 2 տոկոսից ավելի է:
«Բանկիրները, ֆինանսիստները կասեն, որ մենք շուկան փչացնելու տենդենց կարող ենք ստեղծել: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մենք համոզված ենք, որ գյուղատնտեսությունը կարող է լինել ժամանակակից, շահութաբեր և լավ բիզնես: Մենք սրանով ուզում ենք զարկ տալ, որպեսզի այս ալիքը բարձրանա, հաջողակ օրինակներ առաջանան, հետագայում իրենք ինքնուրույն կարող են առաջ շարժվել»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ կատարվող քայլերը՝ շուկաները մեծացնելու ուղղությամբ, ցույց են տալիս, որ ունենք մեծ ներուժ, և դրա համար հետևողական քայլեր են իրականացնում:
«Մենք շատ լավ գնահատում ենք, որ դա մեզ համար բավականին ծանր բեռ է, բայց ինքը մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալու, և մենք բազմաթիվ սոցիալական խնդիրներ ենք լուծելու գյուղի բնակիչների, գյուղատնտեսների համար»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
11992 դիտում
09:50 29-09-2016
Ոչ թե մեկանգամյա նշանակություն, այլ մուլտիպլիկատիվ էֆեկտ. «168 ժամ»
15909 դիտում
11:13 03-06-2017
Թվայնացումը ֆանտաստիկ էֆեկտ է տալու, մեկ օր շուտ արե´ք, մի´ տարեք 2019 թիվ. ՀՀ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»