211652_close_icon
views-count7571 դիտում article-date 14:03 26-10-2017

Ադրբեջանը ձեռք բերված պայմանավորվածություններին հակառակ է գործում. Շավարշ Քոչարյան

«Հայտարարվել էր այն մասին, որ լարվածությունը պետք է նվազի, սակայն կատարվում է ճիշտ հակառակը և դա արդեն դարձել է օրինաչափություն»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար տեղակալ Շավարշ Քոչարյանը, նկատի ունենալով, որ Ադրբեջանը բանակցային հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին հակառակ է գործում: ՀՀ փոխարտգործնախարարի գնահատմամբ՝ Ադրբեջանին վրդովվեցրել է ՀՀ նախագահի այն հայտարարությունը, թե հարցի ցանկացած կարգավորում ենթադրում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց բազմաթիվ հայտարարարություններում շատ հստակ նշել են, որ բանակցությունների առաջընթացի համար անհրաժեշտ է համապատասխան հիմք: Հիմքը՝ կողմերի միջև վստահությունն է: Իսկ այդ վստահությունը ձեռք բերելու համար Ադրբեջանը պետք է կատարի միջազգային իր պարտավարությունը՝ համաձայնվի հետաքննության մեխանիզմների տեղադրմանը շփման գծում: «Հայկական կողմը այն, ինչ լինում է սեղանի շուրջ փակ բանակցություններում, երբեք չի խախտել և չի էլ խախտի, խախտողը մենք գիտենք՝ ով է՝ միշտ Ադրբեջանն է: Այն, ինչ խոսվում է բանակցությունների սեղանի շուրջ, դրանից հետո ինքը լրիվ ուրիշ բաներ է ասում, դա այնքան ակնհայտ է»,- ասաց Շ. Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր