3815 դիտում
22:42 30-10-2017
Լեհաստանի Օլավա քաղաքում «Հայկական օր» խորագրով միջոցառումներ են անցկացվել
Հոկտեմբերի 28-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և Օլավայի քաղաքապետ Տոմաշ Ֆրիշմանի պատվո հովանու ներքո Օլավայի հանրային գրադարանը և Լեհաստանի Հայկական հիմնադրամը կազմակերպել էին «Հայկական օր» խորագրով միջոցառումներ:
Նախքան միջոցառումների մեկնարկը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Օլավայի քաղաքապետ Տոմաշ Ֆրիշմանը, Լեհաստանի Հայկական հիմնադրամի նախագահ Մարթա Աքցենտովիչ-Բոհոսևիչը, նույն հիմնադրամի փոխնախագահ Մաչեյ Բոհոսևիչը, Օլավայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ այցելեցին քաղաքային պանթեոն և հարգանքի տուրք մատուցեցին Օլավայի առաջին քաղաքապետ, ազգությամբ հայ, Յակուբ Աքցենտովիչի և Օլավայի հայ համայնքի նախկին ղեկավարներ Թադեուշ Ռոսուլի և Անտոնի Մարկևիչի հիշատակին:
Նույն օրը Օլավայի թանգարանում պաշտոնապես բացվեց «Հայերը Լեհաստանում» խորագրով ցուցահանդեսը, որն օրեր առաջ ներկայացվեց Լեհաստանի Սենատի ճեմասրահում:
Օլավայի քաղաքապետարանի հանդիսավոր միջոցառումների սրահում տեղի ունեցավ «Լեհաստանում հայերի 650 տարին» խորագրով կոնֆերանս, որի բացման պաշտոնական արարողության ժամանակ ողջույնի ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և Օլավայի քաղաքապետ Տոմաշ Ֆրիշմանը:
Իր ելույթում դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Օլավայի քաղաքային իշխանություններին և գործընկեր կազմակերպություններին՝ արդեն ավանդույթ դարձած «Հայկական օր» խորագրով միջոցառումներ կազմակերպելու համար: Դեսպանի խոսքերով նման միջոցառումների կազմակերպումը շատ կարևոր է, մասնավորապես, 2017 թվականի հոբելյանական տարում, երբ նշվում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանում հայ համայնքին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակը, առավել ևս հայկական հետք ունեցող լեհական քաղաքներում, ինչպիսիններից է Օլավան:
Կոնֆերանսի շրջանակներում Լեհաստանի հայ համայնքին, Լեհաստանի պատմության մեջ հայերի դերակատարության, Օլավայում հայկական հետքերին, նշանավոր հայազգի գործիչների մասին զեկույնցերով հանդես եկան Վարշավայի Կարդինալ Վիշինսկու անվան համալսարանի պրոֆեսոր, Լեհաստանի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևորական Յուզեֆ Նաումովիչը, պրոֆեսոր Քշիշտոֆ Յաբլոնկան, դոցենտ Գժեգոժ Պելչինսկին, Լեհաստանի Հայկական հիմնադրամի փոխնախագահ Մաչեյ Բոհոսևիչը, ազգագրագետ Պժեմիսլավ Զամվրիցկին:
Միջոցառման ավարտին ցուցադրվեց Լեհաստանի Անհայտ Զինվորի խորհրդանշական Մայր Յադվիգա Զառուգևիչովայի մասին պատմող փաստավավերագրական տեսաֆիլմ:
«Հայկական օր» խորագրով միջոցառումներն ավարտվեցին Օլավայի Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցում Հայ Կաթողիկե Եկեղեցու ծեսով մատուցված Սուրբ Պատարագով, որի ավարտին պատարագի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Եկեղեցու պատին փակցված Հայոց ցեղասպանության և Լեհաստանի համար պայքարում իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշատախտակի առջև:
Նմանատիպ նյութեր
2520 դիտում
23:05 29-08-2016
Լեհաստանի Լանցկորոնա քաղաքում «Հայկական օրեր» մշակութային միջոցառումներ են անցկացվել
1866 դիտում
22:42 14-03-2016
Լեհաստանի Սկիերնևիցե քաղաքում «Հայաստանի օրեր» խորագրով միջոցառումներ են տեղի ունեցել
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»