3564 դիտում
20:29 09-11-2017
Աշխատանքային այց Տավուշի սահմանամերձ համայնքներ. խաղաղ բնակչությանն Ադրբեջանի պատճառած վնասների վերաբերյալ կհրապարակվի արտահերթ զեկույց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ նոյեմբերի 8-ին այցելել է ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության թիրախում գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ:
Պաշտպանը Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի ուղեկցությամբ շրջել է գյուղի տարածքով, արձանագրել ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների հետքերը մանկապարտեզի պատերին:
«Ինչպես մյուս սահմանամերձ գյուղերում, այստեղ ևս ադրբեջանական զինված ուժերի թիրախը քաղաքացիական բնակչությունն է: Առաջիկայում հրապարակվելիք արտահերթ զեկույցում ներառելու ենք նաև քաղաքացիական բնակչությանը պատճառված վնասը, որ հաշվարկել է Տավուշի մարզպետարանը: Միջազգային հանրությունը պետք է իրական տեղեկություն ստանա այս փաստերի վերաբերյալ»,- ասել է Արման Թաթոյանը:
Փաստահավաք աշխատանքից բացի՝ Արծվաբերդ, Այգեձոր ու Չինարի գյուղերում Պաշտպանը նաև բնակիչների հետ է հանդիպել, լսել նրանց խնդիրները: Այդ խնդիրների կապակցությամբ հետևողական աշխատանքներ են տարվում:
Նախորդ անգամ Տավուշի սահմանամերձ այլ գյուղեր կատարած այցից հետո լուծվել են քաղաքացիների մի շարք խնդիրներ:
[b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+