211652_close_icon
views-count3194 դիտում article-date 20:21 28-11-2017

Նախանշվում են Կորեայի և Հայաստանի միջև տնտեսական գործակցության հեռանկարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նախարարությունում ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանության նախարար-խորհրդական Լի Վոն Ջեին և դեսպանության երրորդ քարտուղար Շին Սինգ Հվանին։ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանի հետ ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, Կորեայի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներն աշխատանքային այցով Հայաստան են ժամանել տեղում ծանոթանալու մեր երկրի ներդրումային հնարավորություններին, ուսումնասիրելու երկու երկրների տնտեսական համագործակցության հեռանկարները, այդ թվում նաև հարավկորեական ընկերությունների՝ Հայաստանում գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ պայմանները։ Հյուրերին հատկապես հետաքրքրել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին։ Դեսպանության նախարար-խորհրդական Լի Վոն Ջեն նշել է, որ լրացել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների 25 տարին և հավելել Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու իրենց ցանկության մասին՝ շեշտելով, որ դրա համար կան լավ նախադրյալներ, ուստի անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել եղած հնարավորությունները։ Շնորհակալություն հայտնելով հյուրերին Հայաստանի հետ տնտեսական կապերը սերտացնելու ցանկության համար, Հովհաննես Ազիզյանը վստահեցրել է նրանց, որ նախարարությունը պատրաստ է սերտ համագործակցության և ջանքեր կգործադրի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու համար։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքը՝ ԵԱՏՄ անդամակցության և ԵՄ հետ գործակցության համատեքստում։ Հարավկորեացի դիվանագետներին տրվել է նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ հանգամանալից տեղեկատվություն, մանրամասն ներկայացվել են Մեղրիի ազատ տնտեսական գոտու հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության համար հեռանկարային ոլորտները, մասնավորապես նշելով դեղագործությունը, տեքստիլի, կենցաղային տեխնիկայի արտադրությունը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտները։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել միմյանց, նաև, հաշվի առնելով երկու երկրների գործարար համայնքների հետաքրքրվածությունը, աշխատել հայ-կորեական գործարար համաժողովների կազմակերպման ուղղությամբ։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանը, բաժնի պետ Արամ Վարդանյանը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր