9891 դիտում
18:41 30-11-2017
Արցախի խորհրդարանը գումարել է հերթական լիագումար նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախի խորհրդարանը նոյեմբերի 30-ին գումարել է վեցերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:
Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է հանձնաժողովներում և խմբակցություններում 2018թ-ի բյուջեի նախնական քննարկումներին և օրենսդրական նախաձեռնությունների ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Սկսելով նիստի աշխատանքները՝ խորհրդարանը լսել է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի ներկայացրած 2018 թվականի տարեկան գործունեության ծրագիրը:
Այնուհետև, հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման՝ Սահմանադրությամբ նախատեսված ժամկետները և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 127-րդ հոդվածի պահանջները՝ լիագումար նիստում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի նշանակման գործընթացը:
Սահմանված կարգով «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում խմբակցության անունից առաջադրել է Շուշանիկ Լավրենտի Հայրապետյանի թեկնածությունը, ով երկու տարի առաջ (2015թ. դեկտեմբերին) Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Արդարադատության խորհրդի անդամ:
Շուշանիկ Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ ընտրվելու պարագայում գործելու է արդարության և անաչառության սկզբունքով:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների պատասխանատուները պաշտպանել են առաջարկվող թեկնածությունը:
Մտքերի փոխանակությունից հետո պատգամավորները անցել են գաղտնի քվեարկության, որի ավարտից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Ռամելա Դադայանը ներկայացրել է քվեարկության արդյունքները: Հաշվիչ հանձնախմբի արձանագրության համաձայն, քվեարկությանը մասնակցած 30 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել Շուշանիկ Հայրապետյանի թեկնածությանը:
Քվեարկության արդյունքներով Ազգային ժողովն ընդունել է որոշում՝ Շուշանիկ Հայրապետյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամ նշանակելու մասին:
Նիստի հաջորդ հատվածում պետական նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահին հասցեագրված՝ Արցախի կառավարության երաշխավորությամբ տրված վարկային երաշխիքների մասին «Վերածնունդ» խմբակցության հարցապնդմանը:
Պետական նախարարը նշել է, որ Արցախի կառավարության կողմից բյուջետային երաշխիքները տրամադրվել են հիմնականում Արցախի ներդրումային և գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամներին, ինչպես նաև մի շարք պետական և մասնավոր ընկերությունների՝ գործող օրենսդրության շրջանակներում:
Անցնելով օրինագծերի քննարկմանը՝ խորհրդարանը լսել և քննարկել է «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը: Համաձայն զեկուցողի՝ նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի և փորձի չափանիշները:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Նա նշել է, որ օրենքի ընդունումը պայմանավորված է առկա իրավակարգավորումները 2017թ.-ին ընդունված Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: «Առաջարկված նախագծով կկարգավորվեն Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների և լիազորությունների, մարդու իրավունքների պաշտպանի ընտրության, գործունեության երաշխիքների վերաբերյալ դրույթները»,- նշել է Արարատ Դանիելյանը:
Նախագծի ներկայացումից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացում ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա նշել է, որ նախագիծը թե բովանդակային և թե քննարկումների ընթացակարգի տեսանկյունից իրենց բավարարում է: «Բովանդակային առումով՝ սա լավ օրինակ է միջազգային իրավունքում առկա դրույթների՝ օրենսդրության մեջ բնականոն գործունեության»,-ընդգծել է պաշտպանը:
Արդարադատության նախարարի ներկայացրած «Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծով ևս առաջարկվում է այն համապատասխանեցնել Սահմանադրությանը, հստակեցնել հայեցողական պաշտոնների, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերադաս անձանց շրջանակը:
Վերոնշյալ բոլոր օրինագծերն ընդունվել են խորհրդարանի կողմից:
Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը խորհրդարանին է ներկայացրել Արցախի Հանրապետության 2018-2020 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը, որը ներառում է պետական վիճակագրական գործունեության հիմնական ուղղությունները՝ ըստ երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական բնագավառների:
Գլխադասային երկու՝ սոցիալական և առողջապահության հարցերի ու արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովների դրական եզրակացությունից հետո խորհրդարանը հաստատել է ծրագիրը:
Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Գագիկ Բաղունցը և Հայկ Խանումյանը:
Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարարի և նախարարների մասնակցությամբ: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ԱՀ նախագահը և գործադիր իշխանության ներկայացուցիչները պատասխանել են պատգամավորների հարցերին:
Հնչել են էլեկտրաէներգիայի սակագնի, կենսաթոշակների ավելացմանը, շրջկենտրոններում գազաֆիկացման ծրագրերի շարունակականությանը, դպրոցաշինությանը, փախստականների բնակարանային ապահովմանը, Հադրութ քաղաքում ճանապարհների բարեկարգման աշխատանքներին, դպրոցում երեխաների ծանրաբեռնվածությանը, հանրակրթական ծրագրերի վերանայման անհրաժեշտությանը, հուշարձանների պահպանությանը, խաղողագործությանը և այլ թեմաների վերաբերյալ հարցեր:
Նախագահ Բակո Սահակյանը, նիստի ավարտին, որոշ պարզաբանումներ է տվել պատգամավորների հնչեցրած հարցադրումների վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
2460 դիտում
20:08 29-03-2018
Արցախի Ազգային ժողովը գումարել է 7-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը
2978 դիտում
16:19 30-03-2017
Տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը. խորհրդարանը մի շարք օրենքներ է ընդունել
3998 դիտում
21:37 30-11-2016
ԼՂՀ Ազգային ժողովը գումարել է 4-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը
Այս բաժնից
490 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
523 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1132 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN