6169 դիտում
11:50 13-12-2017
Այո, ուտում է, կաշառք է վերցնում, փոխարենը հայրենասեր, ազգին նվիրված մարդ է. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Օրերս ծանոթացա մի հրաշալի երիտասարդի՝ Արսեն Վարդանյանի հետ: Նա ապրում է Գյումրիում, մասնակցում է բազմաթիվ պայծառ երիտասարդական նախաձեռնությունների, փորձում է համախմբել իր քաղաքի երիտասարդներին՝ ավելի լավ, ավելի ուրախ, ավելի ստեղծագործական ու հետաքրքիր կյանք կերտելու համար:
Ընդհանրապես լրագրողի մասնագիտությունը հնարավորություն է տալիս շփվելու մեր հասարակության ամենատարբեր շերտերի հետ: Վստահաբար կարող եմ ասել, որ ամենաձանձրալի մարդիկ քաղաքական գործիչներն են, իսկ այս «գաղջ» զանգվածի մեջ առավել անհետաքրքիր են նրանք, որոնք հատել են 50 տարեկանի սահմանագիծը:
Նախօրոք գիտես, թե ինչ են ասելու, ինչ դեմագոգիայով և պոպուլիզմով են զբաղվելու, ինչպես են իրենք իրենց փառաբանելու և սեփական անսխալականության մասին հեքիաթներ պատմելու: Կհամաձայնեք, չէ՞, որ ավելի երիտասարդները՝ Արփինե Հովհաննիսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արարատ Միրզոյանը, անկախ նրանից, թե ինչպիսի հայացքներ ունեն, տարբերվում են իրենց ավագ ընկերներից: Հանուն արդարության պետք է ասել, որ կան այնպիսիք, որոնք ժառանգել են ավագ սերնդի թերությունները:
Բայց քաղաքական դաշտը բոլոր դեպքերում ենթադրում է որոշակի կաղապարներ, կարծրատիպեր, և կուսակցականը որոշ դեպքերում պարտադրված է ասել՝ «Jawohl, mein Fuhrer»: Իսկ այն երիտասարդները, որոնց հանդիպում եմ քաղաքական դաշտից դուրս, ազատ են այդ կաղապարներից: Եթե փորձեմ առանձնացնել ամենակարևոր հատկությունը, որը ես հավանում եմ այդ ազատ երիտասարդների շատերի մեջ, դա (մի զարմացեք) պրագմատիզմն է:
Տարիներ, տասնամյակներ շարունակ մեր ամբողջ հասարակական դիսկուրսը հիմնված է ազգային ռոմանտիզմի վրա: Մանկապարտեզից սկսած դաստիարակությունը ելնում է «խեղճ», «տառապյալ», բայց «հպարտ» և «վրեժխնդիր» հայի մոդելից: Այդ մոդելն իր դրական դերն է խաղացել նախորդ դարի 60-70 թվականներին, բայց բացարձակապես անպետք է այսօր, երբ ունենք լավ թե վատ պետություն՝ իր բանակով և բոլոր մնացած ատրիբուտներով: Պատկերավոր արտահայտվելով՝ մենք այսօր այլևս չենք կարող ասել՝ «այո, ուտում է, կաշառք է վերցնում, փոխարենը հայրենասեր, ազգին նվիրված մարդ է»: Եթե որևէ բան պետք է արդիականացնել, ապա դա կրթությունն է, ավելի լայն իմաստով՝ հասարակական մտածելակերպը՝ հրաժարվելով «ազգային-ազատագրական» զեղումներից:
Եվ ահա նոր սերունդը, գոնե նրա որոշակի մասը, խուսափել է այդ՝ դարն ապրած դաստիարակությունից: Պարզ է, որ դա բաց սահմանների, գլոբալիզացման, համացանցի և ընդհանրապես տեխնոլոգիաների զարգացման արդյունք է: Որքան շուտ հասկանանք այդ ամենի առավելությունը, այնքան լավ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
997 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»