211652_close_icon
views-count2397 դիտում article-date 20:02 20-12-2017

Նախագահն ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի գլխավորությամբ: Պատվիրակությունը Երևանում է գտնվում հանձնաժողովի հերթական՝ 17-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ Եվրոպական խորհրդարանի հետ Հայաստանի հարաբերությունները բնականոն զարգանում և ընդլայնվում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում: Նախագահը ՀՀ-ԵՄ հարաբերություններում մեծապես կարևորել է միջխորհրդարանական կապերի և երկխոսության զարգացումը, խորհրդարանականների ակտիվ փոխայցելությունները՝ առանձնահատուկ ընդգծելով խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ձևաչափը: Սերժ Սարգսյանը նշել է, որ տեղեկացված է հանձնաժողովի երևանյան նիստի բովանդակալից օրակարգի մասին և հույս է հայտնել, որ նիստի արդյունքում ընդունված որոշումները կնպաստեն տարբեր բնագավառներում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը: Նախագահը կարևորել է հանձնաժողովի կողմից ընդունված Եզրափակիչ հայտարարությունը, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումների, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը տրված բարձր գնահատականը, ինչպես նաև ԼՂ հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշման արտահայտումը՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին աջակցությանը: Հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմն իր գլխավորած պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին ընդունելության, միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությանը տված գնահատականի և իրենց հետ հանդիպումների ժամանակ անկեղծ ու բաց երկխոսության համար: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ընդունված հայտարարության դրույթներին, ինչպես նաև համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանում իրականացվելիք աշխատանքներին օրենսդրական դաշտում և մի շարք ուղղություններով բարեփոխումների մասով: Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր