211652_close_icon
views-count4843 դիտում article-date 15:20 25-12-2017

Ամփոփվել են պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների արդյունքները

Այսօր` դեկտեմբերի 25-ին, տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են գյուղմթերքի արտահանումների և մթերումների, ինչպես նաև 2017 թվականին մեկնարկած ծրագրերի ընթացիկ արդյունքները: Անդրադառնալով Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրին, որին մասնակցում է 15 ֆինանսական կառույց` փոխնախարարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսված շուրջ 2.4 մլրդ դրամի վարկերից 16 վերամշակող ընկերությունների արդեն իսկ տրամադրվել է մոտ 1,2 մլրդ դրամ: «Ծրագիրն ավելի ընդլայնված ծավալներով կշարունակվի նաև 2018 թվականին, վարկային պորտֆելը կկազմի շուրջ 18 մլրդ դրամ, իսկ յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը 150 մլն դրամից կբարձրացվի մինչև 1 մլրդ դրամ», - նշել է Ռոբերտ Մակարյանը: Ներկայացնելով 2017 թվականի ընթացքում գյուղմթերքի մթերումների ընթացիկ արդյունքները` փոխնախարարը նշել է, որ պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 70 հազար տոննա պտուղբանջարեղեն, որից 45 հազար տոննա բանջարեղեն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մթերվել էր 61 հազար տոննա պտուղբանջարեղեն: Նրա խոսքով` խաղող վերամշակող ընկերությունների կողմից ընփացիկ տարում մթերվել է 110,9 տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 109,8 տոննա խաղողի դիմաց: Ռոբերտ Մակարյանն անդրադարձ է կատարել նաև մթերումների դիմաց իրականացվող վճարումների ընթացքին: Նրա խոսքով` այս պահի դրությամբ դեռևս պահպանվում է 2015 թվականին իրականացված մթերումների դիմաց «Վինար» ընկերության պարտքը, որը այս օրվա դրությամբ կազմում է 34 մլն դրամ: Փոխնախարարը միաժամանակ հույս է հայտնել, որ առաջիկայում այդ խնդիրը կլուծվի: Ռոբերտ Մակարյանը նաև տեղեկացրել է, որ 2017 թվականի կատարված մթերումների դիմաց վճարումները մոտ 90 տոկոսով իրականացված են, մնացած գումարները կնքված պայմանագրերի և վճարման ժամանակացույցերի համաձայն աստիճանաբար կմարվեն: Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ արտահանումների գործընթացը խթանելու և հայկական գինեգործական արտադրանքն առաջ մղելու նպատակով վերջերս ստեղծվել և ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, որի աջակցությամբ մի շարք տեղական ընկերություններ հնարավորւթյուն են ունեցել ընթացիկ տարում ներկայացնել իրենց արտադրանքը միջազգային ցուցահանդեսներին: Փոխնախարարը նաև նշել է, որ խաղողագործության և գինեգործության ոլորտների հետագա զարգացման նպատակով նախատեսվում է առաջիկայում իրականացնել խաղողի այգիների քարտեզագրում, ինչը հնարավորություն կտա համապարփակ տեղեկատվություն ունենալ Հայաստանում աճեցվող խաղողի այգիների վերաբերյալ: Ասուլիսի ընթացքում փոխնախարարը ներկայացրել է նաև ընթացիկ տարում գյուղմթերքի արտահանման ցուցանիշները: Ըստ այդմ` այս պահի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 119200 տոննա պտուղբանջարեղեն: Պտուղբանջարեղենի հիմնական մասն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն: Անդրադառնալով Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ) գործող գյուղատնտեսական տոնավաճառներին` Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 30-ը, դրանք կգործեն ամենօրյա ռեժիմով: Ասուլիսի ընթացքում փոխնախարարն անդրադարձել է նաև գյուղատնտեսության ոլորտին տրամա­դրվող վարկերի տոկոսադրույք­ների սուբսիդավորման ծրա­գրին, որին մասնակցում է 5 ֆինանսական կառույց: «Ըստ օպե­րա­տիվ տվյալների` ծրագրով շահառուներին տրամադրվել է շուրջ 2,5 մլրդ դրամ գումարի 557 միավոր վարկ: Մեկ վարկի միջին չափը կազմել է 4.47 մլն դրամ: Ընթացքի մեջ է շուրջ 1,4 մլրդ դրամի գումարով ևս 288 միավոր վարկի տրամադրման քննարկումը», - հավելել է փոխնախարարը: Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին: Ներկա պահին ուսուցման արդյունքում տրամադրվել է 4200 հավաստագիր: Իր խոսքում Ռոբերտ Մակարյանն արնդրադարձել է նաև Հայաս­տանի Հանրա­պետությունում գյուղատնտեսա­կան տեխնիկայի ֆինանսական վարձա­կա­լության` լի­զինգի պետա­կան աջակցության ծրագրին, որով ըստ օպերատիվ տվյալների գյուղատն­տեսական տեխ­նիկա է տրամադրվել է 157 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում` 67 տրակտոր, 2 կոմբայն և 88 միավոր այլ գյուղտեխնիկա:

Նմանատիպ նյութեր