211652_close_icon
views-count3604 դիտում article-date 10:03 31-12-2017

Շատ կարևոր է մարտական ոգին, որը մեր բանակում միշտ էլ բարձր է եղել. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյան

[b]ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ամանորյա շնորհավորական ուղերձը.[/b] Հարգելի՛ գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ավարտվեց 2017 թվականը: Տարվա կտրվածքով փորձելով տալ Հայոց բանակի՝ որպես զինվորական կառույցի գնահատականը, առաջին հերթին պետք է նշել, որ մեզ հաջողվել է թշնամուն խաղաղություն պարտադրել, ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Ճիշտ է, 2017թ. ևս հակառակորդը բազմիցս դիմել է սադրանքների, տարբեր զինատեսակներով կրակահերթեր բացել մեր սահմանային բնակավայրերի ուղղությամբ, բայց ամեն անգամ արժանի հակահարված է ստացել, իր վրա զգացել Հայոց բանակի ուժն ու զորությունը: Հայ ժողովրդի անվտանգությունը, մեր սահմանների անձեռնմխելիությունը ապահովվել է բոլորիս, առաջին հերթին՝ գիշեր ու զօր մարտական հերթապահություն իրականացնող մեր քաջ ու խիզախ տղաների ջանքերով: Ցավոք, ունեցել ենք նաև կորուստներ: Այս տոնական օրը անպայման պարտավոր ենք հիշել թշնամու գնդակից զոհվածներին: Եկեք նորից վշտակցենք նրանց հարազատներին ու առաջինը նրանց շնորհավորենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: 2017թ. բանակի ղեկավարությունը լուրջ ուշադրություն է դարձրել զինվորական ստորաբաժանումների ներքին հնարավորությունների բացահայտմանը, զինծառայողների գիտելիքների, հմտությունների աճին: Համապատասխան աշխատանքներ են կատարվել, որ զինվորը, սպան տիրապետեն զինտեխնիկային, որ լավ մասնագետ լինելուց բացի ունենան բարձր բարոյահոգեբանական պատրաստվածություն: Շատ կարևոր է մարտական ոգին, որը մեր բանակում միշտ էլ բարձր է եղել: Այն մեծ դեր է խաղացել Արցախյան պատերազմում, վճռական գործոն եղել հետագա բոլոր տարիներին թշնամու դեմ առճակատման ժամանակ մեր ձեռք բերած հաջողություններում: Մարտական ոգին հայրենասիրության, բարոյական կայունության, զինվորական պարտքին նվիրվածության, թշնամու նկատմամբ գերազանցության գիտակցման, սեփական ուժերին վստահության և այլ բարձր որակների միագումարն է: Ինչպես նախորդ տարիներին, 2018թ. ևս նման բարձր արժեքներով զինծառայողների դաստիարակության հարցերը կլինեն ուշադրության կենտրոնում: Հիշենք Նժդեհի խոսքերը. «Պատերազմի պատրաստվող ժողովուրդը նախ պետք է սպառազինվի հոգեբանորեն»: 2017թ. շարունակվել են աշխատանքները սահմանների և հակառակորդի հետ շփման գծի ամրացման ուղղությամբ: Նորոգվել ու հիմնվել են նոր ամրաշինական կառույցներ՝ գետնատնակներ, խրամատներ, խրամուղիներ, կրակակետեր, կրակային դիրքեր և այլն: Անցնող տարում բանակը վերազինվել է նորագույն սպառազինությամբ: Լուրջ ուշադրություն է դարձվել օպերատիվ-մարտավարական, հրամանատարաշտաբային զորավարժություններին, շտաբային մարզումներին, զինծառայողների անհատական պատրաստվածությանը: Արդյունքում՝ ավելի են կատարելագործվել նրանց մասնագիտական որակները, մարտական վարպետությունը, գործնականում դրանք կիրառելու ունակությունները: Տարվա ընթացքում պարբերաբար եղել եմ զորամասերում, անձամբ հետևել այնտեղ կատարվող գործընթացներին, իրականացվող աշխատանքներին, անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտին և, իհարկե, մարտական պատրաստության ծրագրի կատարմանը: Առաջընթացն ակնհայտ է: Սակայն ժամանակը առաջ է գնում, և մեզ նոր խնդիրներ են առաջադրվում: Մեր բանակի մարտական պատրաստվածության մակարդակը, այո՛, բարձր է, բայց վաղը այն կարող է մեզ չբավարարել, եթե այսօր հանգստանանք ձեռք բերածով: Տեսե՛ք, ռազմական գիտելիքների ուսուցման արդյունքների ստուգման ժամանակ մեր զինծառայողներից շատերը ստանում են «բավարար» գնահատական: Անձամբ ինձ «բավարարը» չի բավարարում: Ինչո՞ւ «բավարար», եթե կան «լավ» և «գերազանց» գնահատականներ: Չափանիշը պետք է լինի միայն բարձրը: Չէ որ միայն այդպես կարող ենք պահպանել մեր գերազանցությունը հակառակորդի նկատմամբ: Բոլորս պետք է գիտակցենք, որ, ի վերջո, բանակում ուսումնական գործընթացը խաղաղ պայմաններում պատերազմի նախապատրաստությունն է: Հանրահայտ ճշմարտություն է՝ պատերազմին պատրաստ լինելով է կանխվում պատերազմը: 2018 թվականը կարևոր տարի է լինելու մեր բանակի համար: Ազգ-բանակ գաղափարի իրագործման շրջանակներում շարունակական աշխատանքներ են կատարվելու: Նախատեսվում է իրականացնել բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր: Դա լինելու է 2018-2025թթ. բանակային կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող արդիականացման մի համալիր ծրագիր: Նոր տարին՝ որպես այդ ծրագրի իրագործման ելակետային տարի, անշուշտ, վճռորոշ նշանակություն է ունենալու: Կոչ եմ անում, որ մեզնից յուրաքանչյուրը իր ծառայողական պարտականություններին վերաբերվի ամենայն պատասխանատվությամբ, որը և նշված ծրագրի հաջողությամբ կյանքի կոչման հիմնական գրավականը կլինի: Արցախյան պատերազմից հետո հայ զինվորը շարունակելով, այսպես ասած, «միկրոպատերազմ» մղել հակառակորդի դեմ և հաղթանակներ տանել, ավելի մեծ վստահություն է ձեռք բերել իր ուժերի նկատմամբ: Պետք է ասել, որ ժողովուրդն էլ իր հերթին այսօր ավելի մեծ վստահություն ունի հայ զինվորի նկատմամբ: Շատ կարևոր է, որ բանակի վարկը օրեցօր բարձրանում է ժողովրդի աչքին, տարեցտարի ավելի սերտանում է բանակ-հասարակություն փոխադարձ կապը: Ամփոփելով տարին և նշելով մեր որոշակի հաջողությունները տարվա ընթացքում` զինված ուժերի հրամանատարության անունից մեր ժողովրդին հավաստիացնում եմ, որ Հայոց բանակը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամուն և պատվով կատարել հայկական երկու պետությունների անվտանգության, նրանց սահմանների անձեռնմխելիության ապահովման պատվավոր առաքելությունը: Որպես ամանորյա շատ կարևոր մաղթանք` զինված ուժերի անձնակազմին, ողջ հայ ժողովրդին ցանկանում եմ մշտական, հարատև խաղաղություն: Ամանորյա այս ուղերձում շնորհակալություն եմ հայտնում իրենց ծառայությունը բարեխիղճ կատարող բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին, խոսքս ուղղում եմ հատկապես նրանց, ովքեր այս տոնական օրը մարտական հերթապահություն են իրականացնում: Նրանց մաղթում եմ անվտանգ ծառայություն: Մեր բանակի բոլոր զինծառայողներին, քաղաքացիական անձանց ցանկանում եմ առողջություն, ապահով կյանք, անձնական, ընտանեկան երջանկություն և ծառայողական նոր հաջողություններ:

Նմանատիպ նյութեր