211652_close_icon
views-count9965 դիտում article-date 18:12 11-01-2018

ՊԵԿ նախագահը Սերժ Սարգսյանին զեկուցել է համակարգի բարեփոխումների, 2017թ. հարկային եկամուտների կատարողականի և 2018-ի առաջնահերթությունների մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր զեկուցել է 2017 թվականի պետական եկամուտների հավաքագրմանը զուգահեռ համակարգում իրականացված բարեփոխումները` ուղղված ինչպես հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը, այնպես էլ գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, թափանցիկության մեծացմանը: ՊԵԿ նախագահը ներկայացրել է նաև 2018թ. կոմիտեի գործունեության առաջնահերթությունները, տարեսկզբից ուժի մեջ մտած Հարկային նոր օրենսգրքի կարգավորումներով նախատեսվող աշխատանքերն ու ակնկալվող արդյունքները: Վարդան Հարությունյանը զեկուցել է, որ ստուգումների հասցեականությունն ապահովելու նպատակով վերանայվել են ռիսկային չափանիշները, ավելին՝ 25%-ով կրճատվել է թեմատիկ ստուգումների քանակը: Ըստ ՊԵԿ նախագահի՝ մոնիթորինգային կենտրոնի գործարկման շնորհիվ հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող տեսչական ընթացիկ հսկողությունը տեղափոխվել է էլեկտրոնային հարթակ: Կոմիտեի ղեկավարը Նախագահին հայտնել է, որ 2017թ. ընթացքում իրականացված 3117 օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 3 մլրդ դրամ բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար, իսկ 2017թ. ընթացքում ավարտված քրեական գործերով պետական բյուջե է վերականգնվել 8.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ 4.6 մլրդ դրամով կամ 85.3%-ով ավելի: Օրենսդրական դաշտի բարեփոխումներից ՊԵԿ նախագահն առանձնացրել է արտադրական նշանակության մեքենաների, սարքավորումների և հումքի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու նախաձեռնությունը: Վարդան Հարությունյանն ընդգծել է, որ 2000 ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերից, իսկ հարկային համաներում նախատեսող օրենքներով հարկ վճարողներն ազատվել են տույժերից ու տուգանքներից՝ հաշվարկներն ինքնուրույն ճշգրտելու դեպքում: Կոմիտեի ղեկավարի հավաստմամբ՝ մինչև 20 մլն դրամի հայտերի հիման վրա արտահանողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձվել են ընդամենը 4 օրվա ընթացքում և առանց ուսումնասիրության: Վարդան Հարությունյանը Նախագահին զեկուցել է նաև էլեկտրոնային կառավարման համակարգերի կարողությունների զարգացման աշխատանքի արդյունքները՝ ընդգծելով, որ 2017թ. ընթացքում հարկ վճարողների շուրջ 97%-ը հաշվարկները հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային եղանակով: Բացի այդ, հարկային պարտավորությունները օնլայն դիտելու հնարավորություն է ստեղծվել: Կոմիտեի ղեկավարը ներկայացրել է, որ արդեն գործարկվել է մեկ միասնական գանձապետական հաշվի համակարգը, իսկ մաքսային մուտքի անդորրագրերի մշակման և ապրանքի էլեկտրոնային հայտարարագրման համակարգերի շնորհիվ մաքսային ձևակերպումներն իրականացվում են տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Զեկույցի ընթացքում կոմիտեի ղեկավարն անդրադարձել է նաև ՊԵԿ նոր կառուցվածքին՝ նշելով, որ հարկային տեսչությունները և մաքսատները լուծարվել են, իսկ դրանց փոխարեն ձևավորված վարչությունները ներառվել են կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում: Անդրադառնալով 2018թ. ընթացքում նախատեսված ծրագրերին՝ Վարդան Հարությունյանն առանձնացրել է մոնիթորինգային կենտրոնի գործունեության ընդլայնումը, որի նպատակը, ըստ կոմիտեի ղեկավարի, ստուգումներն առավել հասցեական դարձնելն է: Պետական եկամուտների կոմիտեի նախագահը զեկուցել է նաև մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգի ներդրման աշխատանքի մասին, որի արդյունքում ապրանքները հսկողության կենթարկվեն հետբացթողումային փուլում: Վարդան Հարությունյանը հավաստիացրել է, որ հարկ վճարողը գրասենյակից ինտերնետ կապի միջոցով մաքսային հայտարարագրում իրականացնելու հնարավորություն կստանա: ՊԵԿ նախագահի զեկույցը ներառել է նաև ներքին անվտանգության համակարգի կատարելագործման և հակակոռուպցիոն միջոցառումները: Աշխատանքային հանդիպման ժամանակ ներկայացվել է նաև Մեղրիի անցակետի արդիականացման ծրագրի ընթացքը: Հանրապետության Նախագահը հանձնարարել է՝ շարունակել աշխատանքները բյուջեով նախատեսված մուտքերն ապահովելու նպատակով՝ առանց խոչընդոտելու տնտեսվարողների բնականոն գործունեությունը: Հիմնականում կենտրոնանալ փաստաթղթային ստուգումների վրա՝ բացահայտելու համար ռիսկային տնտեսվարողներին: Շարունակել հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացումը, հատուկ ուշադրություն դարձնել մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, պահանջվող ժամանակի կրճատմանը: Հնարավորին կարճ ժամանակահատվածում գործարկել էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն կտա մաքսային ձևակերպումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ նվազագույնի հասցնելով տնտեսվարողների և մաքսային մարմինների միջև շփումները: Նախագահը հանձնարարել է նաև ապահովել պետական սահմանի Մեղրիի անցումային կետի արդիականացման և վերակառուցման ծրագրի իրականացումը՝ դրանով ավարտին հասցնելով Հայաստանի պետական սահմանի անցակետերի արդիականացման և վերազինման աշխատանքները: ՊԵԿ-ին հանձնարարվել է նաև շարունակել նպատակային աշխատանքը միջազգային կազմակերպությունների տարբեր վարկանիշներով հարկային և մաքսային ընթացակարգերին տրված գնահատականների բարելավման ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր