211652_close_icon
views-count15611 դիտում article-date 21:38 26-01-2018

Այս գիշեր երիտասարդներն աղի բլիթ են ուտում. վաղը Սուրբ Սարգսի տոնն է

Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Վաղը՝ հունվարի 27-ին Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվելու են միջոցառումներ: Ժամը 10-ին՝ Ս. Պատարագ` Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում: * Ս. Սարգսի մասունքակիր Աջը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: * Ս. Սարգիս եկեղեցում արտագրված 17-րդ դարի Ավետարանը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: * Ս. Պատարագի ավարտին կկատարվի զինվորների օրհնության կարգ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ժամը 11-ին՝ Ս. Պատարագ` Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում, Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում: Ս. Պատարագի ավարտին կկատարվի զինվորների ու երիտասարդների օրհնության կարգ: Ժամը 13-ին Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում Ս. Պատարագից հետո տեղի կունենա տոնական համերգ։ Ժամը 14:30-ին՝ քայլերթ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց դեպի Երևանի Սիրահարների այգի: Ժամը 16-ին՝ տոնական համերգ Սիրահարների այգում: Աղբյուրը՝ [url=http://www.qahana.am/am/holidays/2018-01-27/1]qahana.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր