5645 դիտում
13:31 07-02-2018
Ծխելու համար առաջարկվող տուգանքներն անթույլատրելի բարձր են․ Պաշտպան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի որոշ կարգավորումներ:
Նախագծով փակ տարածքներում և հասարակական վայրերում ծխելն արգելվում է։ Այս դրույթը ենթադրում է, որ բոլոր հասարակական վայրերում (բացօթյա կամ փակ), այդ թվում՝ փողոցում, ծխելը կարող է արգելվել: Դրանից բացի, նախագծում հստակ ամրագրված չեն բացառություններ, օրինակ՝ կապված զվարճանքի օբյեկտներում կամ այդպիսի վայրերում ծխողների համար տարածքներ առանձնացնելու հետ: Ըստ օրինագծի՝ բացօթյա տարածքներում ծխելու համար տարածքների հատկացման և կահավորման պահանջները սահմանվելու են լիազոր մարմինների հրամանով, սակայն այդ հրամանի ընդունման ժամկետներ ամրագրված չեն։
Ստացվում է, որ նախագծով առաջարկվում է ներդնել ծխախոտի օգտագործման, այսպես կոչված, «բացարձակ արգելքը»: Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ, օրինակ, եվրոպական երկրների մեծ մասը ծխախոտի օգտագործման «բացարձակ արգելքին» հասել է աստիճանական արգելքների միջոցով: Բացի այդ, մի շարք եվրոպական երկրների օրենքներ առ այսօր նախատեսում են ծխողների համար առանձնացված տարածքների ստեղծման հնարավորություն։
Հաշվի առնելով Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը՝ անթույլատրելի բարձր են նաև ծխախոտի օգտագործման կանոնների խախտման պարագայում առաջարկվող տուգանքների չափերը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առաջարկել է, որ սահմանված տուգանքների շեմն իջեցնելուն զուգահեռ սահմանել նաև «նախազգուշացում» տույժի տեսակի կիրառման հնարավորությունը։
Մեկ այլ փոփոխությամբ՝ առաջարկվում է ծխախոտի ներմուծման դեպքում 800․000 դրամի չափով տուգանք կիրառել, եթե ծխախոտի նիկոտինի և խեժի թույլատրելի պարունակությունը գերազանցվել է։ Այս դրույթով նախատեսվող տուգանքի նշանակման չափը ոչ միայն անթույլատրելի բարձր է, այլ նաև նախատեսված չեն անձնական օգտագործման ծխախոտի ներմուծման պարագայում բացառություններ։ Կարող է ստացվել, որ այդպիսի բացառության բացակայության պարագայում տուգանք կարող է նշանակվել նաև, ասենք, անձնական օգտագործման համար Հայաստան ներմուծված, սակայն նիկոտինի և խեժի թույլատրելի պարունակությունը գերազանցող ծխախոտի համար։
Նախագծի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բոլոր նկատառումները ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարություն։ Դրանցից մի քանիսն իրենց արտացոլումը ստացել են հանրային քննարկման ներկայացված նախագծի նոր տարբերակում։ Համաձայն այդ առաջարկների՝ ձերբակալվածների, կալանավորվածների պահման վայրերում, զորամասերում և զինվորական հաստատություններում ծխելու և ծխի բացասական ազդեցության նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներն իրականացվելու են առաջինի դեպքում Արդարադատության և Առողջապահության նախարարությունների համապատասխան մարմինների սահմանած կարգով, երկրորդի դեպքում՝ Պաշտպանության նախարարության։ Բացի այդ, ծխելը թույլատրվելու է այն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, որոնք համարվում են բնակելի տներ։
Նմանատիպ նյութեր
1354 դիտում
13:17 12-09-2023
Տուգանքներն ինչո՞ւ եք 3 անգամ բարձրացրել․ կա՞ չափորոշիչ, թե՞ եղանակից է կախված․ Արթուր Խաչատրյան
3918 դիտում
13:57 09-10-2017
Լրագրողի գործունեությունը խոչընդոտելն անթույլատրելի է․ Պաշտպան
Այս բաժնից
703 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
583 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
397 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը