211652_close_icon
views-count3036 դիտում article-date 15:32 07-02-2018

Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի գլխավոր քարտուղար, Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նախագահ Ֆիլիպ Շվաբի հետ, ով ընդգրկված է այս օրերին Հայաստանում գտնվող Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատվիրակության կազմում: Հանդիպման ընթացքում Արա Սաղաթելյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում եւ աշխատակազմում ընթացող բարեփոխումները, որոնք բխում են սահմանադրական փոփոխություններով պայմանավորված խորհրդարանի նոր դերի ստանձնմամբ: ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարը նշել է, որ աշխատակազմում բարեփոխումների հրամայականը պայմանավորված է փորձագիտական ու վերլուծական կարողությունների եւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների զարգացման անհրաժեշտությամբ, որի ուղղությամբ արդեն իրականացվում են համապատասխան գործողություններ: Արա Սաղաթելյանը շվեյցարացի գործընկերոջը ներկայացրել է նաեւ «Բաց խորհրդարան» նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները: Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի գլխավոր քարտուղարը, ընդգծելով խորհրդարանական վերահսկողության հարցում Շվեյցարիայի առաջադեմ փորձը, փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել: Գլխավոր քարտուղար Ֆիլիպ Շվաբը, նշելով, որ Շվեյցարիայի օրենսդիր մարմնի աշխատակազմը փորձագիտական կարողությունների լուրջ ներուժ ունի, առաջարկել է աշխատանքային տարբեր ձեւաչափերով այս հարցում համագործակցել ՀՀ խորհրդարանի աշխատակազմի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ երկարատեւ համագործակցության հնարավորությունները: ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ Հայաստանի խորհրդարանի աշխատակազմը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիային անդամակցելու հայտ է ներկայացրել, որի քննարկումը նախատեսված է Ասոցիացիայի գործադիր կոմիտեի առաջիկա նիստի ընթացքում` 2018 թվականի մարտի 26-ին, Ժնեւում: Ֆիլիպ Շվաբը ողջունել է ՀՀ ԱԺ աշխատակազմի` Ասոցիացիային անդամակցելու նախաձեռնությունը` փաստելով, որ Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիան կարեւոր հարթակ է գլխավոր քարտուղարների միջեւ համագործակցության եւ փորձի փոխանակման համար: Նա ընդգծել է, որ որպես այդ կառույցի նախագահ եւ գործադիր մարմնի անդամ` ինքն ամենայն ուշադրությամբ կանդրադառնա Հայաստանի անդամակցության հայտին: Հանդիպման ավարտին կողմերն առաջիկայում տարբեր մակարդակներում աշխատանքային շփումները շարունակելու եւ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:

Նմանատիպ նյութեր