211652_close_icon
views-count6627 դիտում article-date 23:18 13-02-2018

Հայաստանում տեղադրված եզակի թեքաչափը մեծ առաջընթաց է երկրաշարժերի կանխատեսման բնագավառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 13-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այցելեց Գառնիի երկրաֆիզիկական դիտարան (ԳԵԴ)` մասնակցելու դիտարանում պրեցեզիոն (գերճշգրիտ) լազերային ինկլինոմետրի տեղադրման և շահագործման վերաբերյալ կայանալիք խորհրդակցությանը: Գառնիի դիտարանում տեղադրված գերճշգրիտ լազերային ինկլինոմետրը՝ որպես սեյսմոլոգիական սարք, առաջինը տեղադրվում է Հայաստանում: Այն ՌԴ Միջուկային հետազոտությունների միասնական ինստիտուտի (ՄՀՄԻ) և Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի գիտնականների ու մասնագետների հերթական հաջողություններից է: Սարքավորումը նախատեսված է միջնաժամկետ և երկարաժամկետ սեյմիկ վտանգը գնահատելու համար, և հնարավորություն է ընձեռում կատարյալ ճշտությամբ հետևել երկրակեղևի անկյունային տատանումներին մեկ տասներորդ նանոռադիանի ճշտությամբ: Այն մեծ ձեռքբերում է նաև երկրաշարժերի հավանական կանխատեսման տեսանկյունից: Խորհրդակցության ընթացքում ողջունելով հայ և ռուս գիտնականների նախաձեռնությունը՝ նախարար Դ. Տոնոյանը հույս հայտնեց, որ հետագայում այս սարքից կտեղադրվի հանրապետության սեյսմավտանգ մյուս գոտիներում ևս, և կստեղծվի սեյսմիկ վտանգի գնահատման կայուն ցանց: - Այսօր եզակի օր է, քանի որ այդ եզակի սարքը տեղադրվում է եզակի վայրում: Շատ շնորհակալ եմ այս նախաձեռնության համար: Ես այն շատ եմ կարևորում և համոզված եմ, որ հետագա փոխգործակցությունը կհանգեցնի ավելի մեծ արդյունքների: Հատկանշական է նաև այն, որ Գառնիի դիտարանը տեղակայված է շատ նպաստավոր վայրում. այն ոգեշնչում է գիտական գործունեության ծավալմանը, - եզրափակեց նախարար Դ. Տոնոյանը: ՄՀՄԻ ավագ գիտաշխատող, ֆիզիկական և մաթեմատիկական գիտությունների թեկնածու Հ. Թորոսյանը նշեց, որ սարքի եզակիությունը նրանում է, որ օգտագործվում է լազերային ճառագայթի արագությունը և ճշգրտությունը հատուկ հեղուկային միջավայրի նկատմամբ: - Նախկինում եղած սարքերի համեմատությամբ՝ այս սարքը շուրջ 1000 անգամ ավելի ճշգրիտ է արձանագրում երկրակեղևի տատանումը, - հավելեց նա: ՄՀՄԻ գիտաշխատող Մ. Լյաբլինը նշեց, որ պրեցեզիոն լազերային ինկլինոմետրի խնդիրն է ժամանակի ընթացքում չափել երկրակեղևի թեքության անկյունը, որում և կայանում է այս սարքի եզակիությունը: - Դրա զգայունությունը այնքան բարձր է, որ մենք արձանագրում ենք ամենաթույլ՝ միկրոսեյսմիկ շեղումները: Վստահորեն կարող եմ ասել, որ այս սարքավորումը հավակնում է մեծ ներդրում ունենալ երկրաշարժերի կանխատեսման բնագավառում, քանի որ դրա միջոցով մենք հետևում ենք նաև սեյսմիկ էներգիայի կուտակումներին, - ասաց Մ. Լյաբլինը: Նշենք, որ գերճշգրիտ լազերային ինկլինոմետրի ստեղծման գաղափարը ծնվել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի Մեծ ադրոնային կոլայդեր նախագծի շրջանակներում՝ նպատակ ունենալով մշտադիտարկել կենտրոնի արագացուցչի լուսային փնջերը: Գառնիի դիտարանում ներկայումս գործում են ընդգետնյա ռադոնի և մագնիսաչափական դիտակայաններ: 1991 թ. դիտարանի թունելախորշերից մեկում տեղադրվել և այսօր էլ գործում է ԱՄՆ Համաշխարհային սեյսմիկ գլոբալ ցանցի IRIS համակարգի կայանը: Այն գրանցում է աշխարհում տեղի ունեցող բոլոր միջին ուժի և ուժեղ երկրաշարժերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր