1678 դիտում
12:45 22-02-2018
Կապաքրեականացվեն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք տնտեսական հանցագործություններ. ՊԵԿ
Բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակում, Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, 2018 թվականի ընթացքում մի շարք բարեփոխումներ են նախատեսվում իրավական կարգավորումներում:
Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի, քննարկման փուլում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, որով առաջարկվում է վարչական տույժ չկիրառել ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները եւ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելու դեպքերում, եթե դրանց արդյունքում չեն առաջանում մաքսային վճարներ կամ դրանք չեն հանգեցնում արգելքների սահմանափակման կիրառմանը:
Հաշվի առնելով նմանատիպ իրավախախտումների բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը, նախագծով առաջարկվում է դրանք դիտարկել որպես նվազ նշանակություն ունեցող իրավախախտումներ: Մի շարք դեպքերում էլ առաջարկվում է նվազեցնել դրանց մասով կիրառվող վարչական տույժերը: Մասնավորապես մաքսային ապահովության միջոցները վնասելու, կորցնելու դեպքում գործող 200 հազար դրամի չափով տուգանքի փոխարեն նախատեսվում է 100 հազար դրամի չափով տուգանք:
Ա. Սաքապետոյանի տեղեկացմամբ՝ շրջանառության մեջ է նաեւ մեկ այլ իրավական ակտի նախագիծ, որով նախատեսվում է վերացնել ապրանքների մաքսազերծման խոչընդոտները՝ անձի գույքի կամ դրամական միջոցների նկատմամբ հարկադիր կատարման ծառայության կողմից կիրառված արգելանքների առկայության դեպքում:
Անդրադառնալով Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրին, Արմեն Սաքապետոյանը տեղեկացրել է, որ գործող կետի շահագործմանը զուգահեռ առաջիկա երկու տարիների ընթացքում նախատեսվում է սահմանների կառավարման միջազգային չափանիշներին բավարարող նոր սահմանային անցակետ կառուցել: ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանում միգրացիոն եւ սահմանային կառավարման գործընթացներին» ծրագրի բաղադրիչներից մեկը վերաբերում է Հայաստանի, Իրանի եւ Վրաստանի մաքսային մարմինների միջեւ տվյալների փոխանակմանը: «Նախատեսվում է ստեղծել ծրագրային մեկ հարթակ, ինչը կապահովի մաքսային ձեւակերպումների համար անհրաժեշտ տվյալների էլեկտրոնային փոխանակում հայ-իրանական եւ հայ-վրացական սահմանային անցակետերում: Ծրագրի ներդրումը կնպաստի մաքսային ձեւակերպումների համար անհրաժեշտ ժամանակահատվածի կրճատմանը, կպարզեցվեն եւ կներդաշնակեցվեն Հայաստանի մաքսային փաստաթղթերի ձեւակերպումներն ու ընթացակարգերը Իրանի եւ Վրաստանի մաքսային ընթացակարգերի հետ: Արդյունքում գործարարն աշխարհի ցանկացած կետից կկարողանա Հայաստանի մաքսատուն էլեկտրոնային հայտարարագիր ներկայացնել, առցանց վճարել համապատասխան բոլոր տուրքերն ու ապահովել ապրանքների տեղաշարժն առանց մաքսային ավելորդ հսկողության՝ Իրանի, ԵԱՏՄ երկրների ու ԵՄ արտաքին սահմանի միջեւ ցանկացած սահմանային անցման կետով: Դա կվերացնի նախատեսվող առեւտրային միջանցքի անցակետերում մաքսային ստուգումների անհրաժեշտությունը, եթե որոշակի ապրանքատեսակներ չեն հակասում երեք երկրների ռիսկի կառավարման առանձին չափանիշներին»,-ասել է ՊԵԿ նախագահի տեղակալը:
Հարկային բնագավառում երկրորդ կիսամյակից նախատեսվում է գործարկել պարտավորություններ ունեցող հարկ վճարողների՝ պարտավորությունների գանձման եւ բանկային հաշիվների արգելադրման գործընթացի էլեկտրոնային համակարգը: Այն հնարավորություն կտա վարչարարության ընթացքում բացառել մարդկային գործոնն ու սուբյեկտիվ մոտեցումները: Միջոցներ են ձեռնարկվում հարկ վճարողների համար նաեւ իրավական եւ տեխնիկական հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի հարկային պարտավորությունները file-online.taxservice.am հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով առցանց կատարեն, ինչը զգալիորեն կնվազեցնի փաստաթղթաշրջանառությունը եւ հարկ վճարողին հնարավորություն կտա առանց բանկ հաճախելու կամ այլ վճարահաշվարկային համակարգերից օգտվելու՝ կատարել հարկային պարտավորությունները:
Մեկ այլ նախագծով առաջարկվում է ապաքրեականացնել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք տնտեսական հանցագործություններ՝ վերանայելով պատասխանատվության միջոցները, փոփոխել արարքները նման հանցագործություններ որակելու՝ օրենսգրքով սահմանված շեմերը: Մասնավորապես արարքը ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն որակելու համար պատճառված վնասի չափը 500 հազար դրամից նախատեսվում է սահմանել 2 միլիոն դրամ: Իսկ կանխամտածված սնանկություն կամ կեղծ սնանկություն որակելու համար գործող 200 հազար դրամ շեմի փոխարեն նախատեսվում է 2 միլիոն դրամ: Ակցիզային դրոշմանիշերով եւ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելու համար, եթե ներկայում նախատեսված է, որ այդ ապրանքների գինը պետք է կազմի 50 հազար դրամ եւ ավելի, ապա նախատեսվում է շեմը բարձրացնել 500 հազար դրամ եւ ավելի: «Նշված բոլոր փոփոխություններով համախատասխան արարքները քրեական պատասխանատվության դաշտից կտեղափոխվեն վարչական պատասխանատվության դաշտ»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալը:
Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է օրացուցային տարվա ընթացքում առաջին անգամ սահմանված ժամկետում հարկային հաշվարկներ չներկայացնելու համար հարկատուների նկատմամբ որպես վարչական տուգանք կիրառել «նախազգուշացում», իսկ նույն խախտման կրկնվելու դեպքում՝ արդեն կնշանակվի վարչական տույժ` տուգանքի տեսքով:
2018-ին սպասվում է մեկ այլ նորամուծություն եւս. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն, հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով նախատեսված է վարչական տուգանք` նվազագույն եւ առավելագույն չափերի կիրառման հնարավորությամբ, ինչի պայմաններում շահարկվում է հակաիրավական արարքին համաչափ վարչական տուգանք կիրառելու հարցը: Խնդրի լուծման նպատակով, ըստ Ա. Սաքապետոյանի, նախատեսվում է վարչական տուգանքի նվազագույն եւ առավելագույն չափերի փոխարեն սահմանել մեկ ֆիքսված տուգանքի գումարի չափ:
Նմանատիպ նյութեր
2438 դիտում
15:34 30-11-2017
Տնտեսական որոշ հանցագործություններ կապաքրեականացվեն
2646 դիտում
15:07 12-12-2019
Վարչապետը նախազգուշացրեց բռնարարներին՝ այսուհետև «մեկ մուշտին» կպատժվի Քրեական օրենսգրքով