211652_close_icon
views-count3964 դիտում article-date 22:40 22-02-2018

Տրանսպորտի նախարարն ընդունել է Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այսօր՝ փետրվարի 22-ին, ընդունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու պետությունների միջև միջպետական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման մեխանիզմներին, տրանսպորտային համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը, մուլտիմոդալ փոխադրումներն ակտիվացնելու, Բելառուսի հետ ուղիղ և տարանցիկ ավիաչվերթներ իրականացնելու վերաբերյալ մի շարք հարցեր: Դեսպանը նախարարից հետաքրքրվեց Հայաստանի և Բելառուսի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրության վավերացման ժամկետներից, համաձայն որի՝ երկու պետությունները կազատվեն մուտքի, ելքի, տարանցման և ԵԱՏՄ անդամ-երկրների տարածքում դեպի 3-րդ երկիր և 3-րդ երկրից պետական բեռնափոխադրումների իրականացման համար թույլտվությունների պարտադիր պահանջից և ճանապարհային վճարից: Վահան Մարտիրոսյանը Իգոր Նազարուկին տեղեկացրեց, որ փաստաթուղթն արդեն ԱԺ-ում է և շուտով այն կվավերացվի։ Նախարարը դեսպանին ներկայացրեց նաև Հայաստանի տարածքում միասնական տրանսպորտային ցանցի ներդրման ծրագիրը: Իր հերթին Իգոր Նազարուկն էլ նշեց, որ Բելառուսում արդեն իսկ գործում է միասնական երթուղային համակարգ: Անդրադառնալով ուղևորափոխադրումների ոլորտում համագործակցության ընդլայնմանը՝ դեսպանը նախարարին ներկայացրեց բելառուսական արտադրության ավտոբուսների, այդ թվում՝ էլեկտրամոբիլների որակական և տեխնիկական առանձնահատկությունները։ Նա առաջարկեց դիտարկել Հայաստանի միջմարզային ուղևորափոխադրումներում այդ ավտոբուսների կիրառման հնարավորությունները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում համատեղ հանդիպում կազմակերպել արտադրող և Բելառուսում միասնական երթուղային համակարգը մշակած ընկերությունների ներկայացուցիչների հետ և առավել մանրամասն քննարկել ներկայացված տրանսպորտային միջոցները Հայաստանի բնակլիմայական, ռելիեֆային պայմաններում շահագործելու, ինչպես նաև դրանց տեխնիկական սպասարկումը կազմակերպելու հնարավորությունների շուրջ։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր