75782 դիտում
17:29 07-03-2018
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. քաղաքացիները Կապան քաղաքի Ողջի գետից դուրս են բերել 9-ամյա երեխային, ում տեղափոխել են հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Կենտրոնական փողոցում 9 տարեկան երեխան ընկել է Ողջի գետը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Կապանի հրշեջ-փրկարարները, քաղաքացիները գետից դուրս են բերել 9-ամյա Գևորգ Մարտիրոսյանին, ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Կապանի բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել, իսկ հետո տեղափոխել Կապանի հիվանդանոց:
Նշված հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում՝ շնորհիվ քաղաքացիների, ովքեր ճիշտ ժամանակին երեխային դուրս են բերել գետից:
Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության Կապանի բաժնի հետ բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան իր դասընկերոջ՝ Ալեն Բաղդասարյանի հետ այցելել են Հալիձորի բերդ կոչվող հատված՝ մանուշակներ հավաքելու, որտեղ էլ Գևորգը սայթաքել և ընկել է գետը:
Գետը մի քանի մետր երեխային քշել տարել է և արդեն 14 շենքի մոտ կանայք նկատել են երեխային և օգնության են կանչել տղամարդկանց, ովքեր էլ կարողացել են փրկել երեխայի կյանքը, ով, սակայն, մարմնական վնասվածքներ է ստացել և այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: