211652_close_icon
views-count6686 դիտում article-date 10:47 09-03-2018

Ինչպես են մարդկանց գազան դարձնում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Դիտելով կադրերը, որոնցում ցուցադրվում էին ադրբեջանական մանկապարտեզում 3-4 տարեկան երեխաների հետ անցկացվող «ատելության պարտադիր վարժությունները», ես հիշեցի Ջորջ Օրուելի «1984» վեպը, որում կուսակցության անդամները ամեն օր պետք է նայեին երկու րոպեանոց ֆիլմ «կուսակցության թշնամիների» վերաբերյալ, և հանդիսատեսները պարտավոր էին իրենց ատելությունն արտահայտել ընտրված թիրախների հանդեպ: Թեև անգլիացի գրողի երևակայության և ադրբեջանական իրականության դրսևորումները ծայրահեղական են, բայց ասել, թե դա ինչ-որ արտառոց, պատմության մեջ երբևէ չհանդիպած երևույթ է, ցավոք, «լավատեսական չափազանցություն» կլիներ: Վստահ եմ, որ նախորդ դարում նացիստական Գերմանիայի մանկապարտեզներում նույնպիսի «դասընթացներ» էին անցկացնում երեխաների հետ և նույնպիսի զգացմունքներ էին արթնացնում հրեաների և սլավոնների հանդեպ: Ծայրահեղական իսլամիստների մեդրեսեներում մանկուց դաստիարակում են նույն տիպի ատելություն «անհավատների» հանդեպ: Եթե գնանք դարերի խորքը, ապա չեմ կասկածում, որ նույնն է արվել տարբեր ազգերի պարագայում և նույնիսկ միևնույն ազգի ներսում՝ ասենք, կաթոլիկների և բողոքականների փոխհարաբերություններում: Որո՞նք են մարդկանց գազազեցնելու, գազան (կամ երբեմն անասուն) դարձնելու մեխանիզմները: Գլխավորն, անշուշտ, ապատեղեկատվությունն է: 30 տարի առաջ Սումգայիթ էին գործուղվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալները և պատմում էին մարդկանց, թե ինչպես են Հայաստանի քաղաքներում զանգվածաբար բռնաբարում ադրբեջանցի աղջիկներին, կամ ինչպես է Կապանից Նախիջևան հասել մի գնացք, որն ամբողջությամբ լցված էր ադրբեջանցիների դիակներով: Հասարակ մարդիկ հակված չեն տեղեկատվությունը քննադատաբար ընկալելու, հատկապես այն դեպքում, երբ տեղեկատվությունը ներդաշնակ է իրենց մթին բնազդներին: Ինչպիսի՞ «հակաթույն» կա ուղեղների այդ մթագնման դեմ: Իմ պատկերացրած «հակաթույնը» հետևյալն է. այդ պահին Ադրբեջանում պետք է հայտնվեին մի քանի հեղինակավոր մտավորականներ և ասեին՝ «ժողովուրդ ջան, մի պահ մտածենք՝ արդյո՞ք այդ տեղեկատվությունը խելքին մոտիկ է», մտավորականներ, որոնք չէին վախենա ամբոխի հաշվեհարդարից: Հայաստանում նման՝ «ազգային բնույթի» ապատեղեկատվության համար հող, բարեբախտաբար, չկա: Մեր հասարակությունն այլ հիվանդությամբ է տառապում, մեր մթին բնազդներն այլ տեղ են՝ սոցիալական ոլորտում: Այդ բնազդները պակաս վտանգավոր են, քան ազգային թշնամանքի սերմերը: Բայց ամբոխի ցասումը նույնքան հզոր է: Հատկապես ֆեյսբուքյան ամբոխի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր