4334 դիտում
12:44 01-06-2018
Գյուղնախարարն ընդունել է ջերմատնային ասոցիացիայի ներկայացուցիչներին. շուտով կմեկնարկի լիզինգի նոր ծրագիր
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախօրեին ընդունել է «Ջերմատնային ասոցիացիա» գյուղատնտեսական ՀԿ-ի նախագահ Արտավազդ Խաչատրյանին, տնօրեն Պողոս Գևորգյանին, Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանին։
Հանդիպումը նպատակ ուներ լսել փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների կողմից բարձրացվող հարցերը և քննարկել նրանց մրցունակության բարձրացմանն ու զարգացմանն ուղղված առաջարկները։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը, այլ պատասխանատուներ։
Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է ներկաներին, որ մշակվել է լիզինգի նոր ծրագիր, որի շրջանակում շահառուները շուտով հնարավորություն կունենան նաև ջերմոցներ հիմնել և ժամանակակից սարքավորումներ ներդնել մատչելի պայմաններով՝ տարեկան ընդամենը 4 % լիզինգային տոկոսադրույքով։ Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո՝ հունիս-հուլիս ամիսներին։
Հանդիպման մասնակիցները մասնավորապես առաջ են քաշել բնական գազի դիմաց տարաժամկետ վճարման, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ պայմանավորված ջեռուցման առավել երկար ժամանակահատվածով իջեցված սակագնի վճարման ժամկետի երկարաձգման և այլ հարցեր։
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը հորդորել է մշակել առաջարկների փաթեթ և ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցություն ցուցաբերել։
Նմանատիպ նյութեր
2623 դիտում
13:55 03-08-2018
Գյուղնախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը. կմեկնարկի նոր ծրագիր փոքր տնտեսությունների համար
Այս բաժնից
568 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը