211652_close_icon
views-count2669 դիտում article-date 15:10 03-05-2017

ՀՀ գյուղնախարարն ընդունել է «Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի» նախկին նախագահին և «Եվրոպայի անասնաբույժների ֆեդերացիայի» քարտուղարին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի» նախկին նախագահ Տժերտ Ջորնանին և «Եվրոպայի անասնաբույժների ֆեդերացիայի» քարտուղար Յան Վարտենին: Հանդիպմանը ներկա էր նաև Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD) տնօրեն Գագիկ Սարդարյանը: Հանդիպման սկզբում հյուրերը տեղեկացրել են, որ CARD հիմնադրամը Ավստրիայի զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենդանիների առողջության կառավարում» ծրագրի շրջանակներում նախատեսում է հիմնել անասնաբուժական ասոցիացիա, որի նպատակն է հանրապետությունում զարգացնել անասնաբուժական մասնավոր բիզնեսը: Նրանք նշել են, որ Հայաստան կատարած այցի նպատակն է տրամադրել խորհրդատվություն անասնաբուժական ասոցիացիայի հիմնման վերաբերյալ: Խորհրդատուները մի շարք հանդիպումներ են անցկացնելու հանրապետության տարբեր կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ: «Անասնաբուժությունը գյուղատնտեսության ոլորտի կարևոր ճյուղերից է, որը մշտական վերահսկման և մոնիթորինգի կարիք ունի: Այս հարցում մենք բարձր ենք գնահատում ձեր փորձը և հուսով ենք, որ այն մեզ համար օգտակար կլինի: Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել ձեզ Հայաստանում նախատեսվող նախաձեռնություններում», - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանի անասնաբուժության ոլորտի առաջնահերթ խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները: Աշխատանքների առավել արդյունավետ իրականացման նպատակով նախարարը հորդորել է հյուրերին որպես վերահսկող մարմին սերտորեն համագործակցել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անասնաբուժության ոլորտին առնչվող, այդ թվում` պետության և մասնավոր հատվածի համագործակցությանը, գյուղատնտեսական կենդանիների հաշվառմանը և համարակալմանը վերաբերող հարցերին:

Նմանատիպ նյութեր