211652_close_icon
views-count2623 դիտում article-date 13:55 03-08-2018

Գյուղնախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը. կմեկնարկի նոր ծրագիր փոքր տնտեսությունների համար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ասօր ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը։Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը տրամադրվող օժանդակությունը՝ հույս հայտնելով, որ կողմերի միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել։ Այնուհետև նախարար Խաչատրյանը ներկայացրել է գյուղատնտեսության քաղաքականության նոր առաջնահերթությունները։ Նախարարը մասնավորապես շեշտել է, որ ուշադրության առանցքում լինելու է փոքր տնտեսությունների զարգացումը՝ հողերի խոշորացման, միավորումների ստեղծման, ենթակառուցվածքների բարելավման, ֆինանսների հասանելիության, գյուղտեխնիկայի թարմացման և առհասարակ գյուղատնտեսական արժեշղթայի ամբողջական զարգացման միջոցով։ Գյուղնախարարը կարևորել է նաև բարձրարժեք, օրգանական գյուղատնտեսության զարգացումը, ինտենսիվ այգիների հիմնմանը, կաթիլային ոռոգման համակարգերի, կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների և ուսուցման միջոցով գիտական նոր նվաճումների և տեխնոլոգիաների ներդրման խթանումը գյուղատնտեսության մեջ։ Դեբորա Գրիզերն իր հերթին գոհունակություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև երկարամյա պատմություն ունեցող համագործակցությամբ։ Անդրադառնալով հետագա գործակցության հեռանկարներին՝ նա նշել է, որ թեև այս տարեվերջին ավարտին են մոտենում «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների զարգացման» և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» ծրագրերը, սակայն նախատեսում են նոր՝ «Գյուղատնտեսության զարգացում-նոր տնտեսական հնարավորություն» հնգամյա դրամաշնորհային ծրագիր մեկնարկել, որի թիրախում կլինեն գյուղական փոքր ագրոբիզնեսները։ Աջակցությունը հիմնականում կուղղվի այգեգործության զարգացմանը, մասնավորապես նոր մշակաբույսերի, ջերմատների, ինտենսիվ այգիների, խաղողագործության, գյուղատնտեսական առաջնային արտադրության խթանմանը, հնարավոր է նաև գինու փոքրածավալ արտադրության և ագրոտուրիզմի զարգացման ֆինանսավորում։ Անդրադարձ է կատարվել նաև ծրագրի շրջանակում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ համագործակցության հարցին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև ոռոգման ջրի խնայողատար համակարգերի կիրառմանն ուղղված ծրագրերի իրականացման անհրաժեշտության, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, գյուղատնտեսական ապահովագրության ներդրման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր