211652_close_icon

Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը մնում են հենման կետեր. Զոհրաբ Մնացականյան

views-count6299 դիտում article-date 16:08 07-06-2018
Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքների մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ընդգծեց, որ երկկողմ հանդիպման ընթացքում խոսվել է ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային օրակարգային մի շարք հարցերից: «Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ռուսաստանի ներդրումը՝ ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Պատրաստ ենք շարունակել համատեղ ջանքերը՝ ուղղված բանակցային գործընթացի առաջընթացին: Այս փուլում մենք աշխատում ենք բանակցային գործընթացի շարունակականության վրա: Մեզ համար հենման կետերն անփոփոխ են մնում: Դրանք են՝ ԼՂ ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը: Բանակցություններն ուղղված են հենց այս հարցերի լուծմանը»,- հայտարարեց Մնացականյանը: Նա հայտնեց, որ Լավրովի հետ հանդիպմանը ընդգծվել է հայկական կողմի հստակ տրամադրվածությունը՝ զարգացնելու բազմակողմ գործընկերային փոխգործակցությունը: «Հանդիպման ընթացքում ես ընդգծել եմ այն կարևորությունը, որը Հայաստանը տալիս է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը: Մենք մտադիր ենք հետագայում էլ շարունակել այդ համագործակցությունն այն սկզբունքների հիման վրա, որոնք առկա են 1997թ. Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրում»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը: Նա շնորհակալություն հայտնեց Լավրովին ջերմ ընդունելության ու կառուցողական երկխոսության համար՝ նշելով. «Սպասում ենք Ձեզ Երևանում»:

Նմանատիպ նյութեր