211652_close_icon
views-count8166 դիտում article-date 19:15 20-06-2018

Ադրբեջանը պետք է գիտակցի, որ Արցախի ժողովուրդն է որոշելու իր ապագան և Թուրքիան անելիք չունի այդ հարցում. Է. Շարմազանով

Ալբանիայում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ԱԺ փոխնախագահը հունիսի 20-ին հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի նախագահ Գրամոզ Ռուչիի հետ: Կողմերը քննարկել են հայ-ալբանական խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել խորհրդարանական վեհաժողովներում երկու պետությունների պատվիրակությունների համագործակցության հնարավորություններին: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային հակամարտություններին: ԱԺ փոխնախագահը նշել է. «Հայաստանը տարածաշրջանային խաղաղության եւ կայունության կողմնակից է: Մենք դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ապակայունացման, հակամարտությունների ռազմական լուծմանը ու բաժանարար գծերին»: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ Արցախի ժողովուրդն է որոշելու իր ապագան եւ Թուրքիան էլ անելիք չունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում»: Քննարկվել են ՍԾՏՀ ԽՎ գործունեությանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ վեհաժողովը պետք է հավատարիմ մնա իր նպատակին ու որդեգրած սկզբունքներին եւ տնտեսական կառույցը չծառայեցնի որոշ պետությունների քաղաքական շահերին:

Նմանատիպ նյութեր