211652_close_icon
views-count3558 դիտում article-date 10:03 29-06-2018

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները կհանդիպեն հուլիսի 16-ին Հելսինկիում․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նրա պաշտոնակից Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենան հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։ Կողմերը քննարկելու են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հարաբերություններին և ազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4458358.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Գագաթաժողովի մասին հայտարարվեց Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ռուս պաշտոնատար անձանց, այդ թվում Պուտինի միջև անցկացված հանդիպումից մեկ օր անց։ «Երկու կողմերի համար, չնայած առկա տարաձայնություններին, կան նաև հարցեր, որոնց շուրջ երկու նախագահները կարծում են, որ կարող են գտնել կառուցողական լուծումներ», ասել է Բոլթոնը։ Նա ավելացրել է, թե չի կարծում, որ որևէ մեկը սա կարող է վատ գաղափար համարել։ Այսօր շատերն են հարց տալիս, թե արդյոք բազեն կարող է վերածվել աղավնու՝ հիշեցնելով, որ Բոլթոնը, որը մարտ ամսից այս պաշտոնը ստանձնելուց ի վեր հանդես է գալիս Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու կոչերով, Բուշի վարչակազմում աշխատելու տարիներին համարվում էր Կրեմլի ամենասուր քննադատը։ Պատասխանելով իր նախորդ հայտարարությունների մասին լրագրողների հարցերին, այդ թվում Պուտինին «ստախոս» անվանելու մասին իր խոսքերին, Բոլթոնն ասել է, թե իր նախկին հայտարարությունները տեղ չունեն իր նոր դերում, որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական։ Բոլթոնը, որն ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտությունն անցյալ տարի անվանել էր «պատերազմական գործողություն», այսօր համամիտ է Թրամփի վարչակազմի հետ, որ այդ հարցով սկսված հետաքննությունը «վհուկաորս է», ինչպես այն անվանում է Թրամփը։ Նախագահական հանդիպումների կազմակերպումը սովորաբար պահանջում է ամիսների նախապատրաստական աշխատանք։ Բոլթոնի խոսքերով, քննարկվելիք հարցերի շուրջ նախապես համաձայնություն կկայացվի երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև ավելի վաղ անցկացվելիք հանդիպման ժամանակ։ Երկու կողմերն արդեն արտահայտել են ցանկություն քննարկելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են զենքերի վերահսկողությունը և ահաբեկչության դեմ պայքարը։ Ավելի զգայուն հարցեր են Ուկրաինան, Սիրիան, Արևմտյան պատժամիջոցները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի նախկին լրտեսի դեմ մահափորձ իրականացնելու մեջ Կրեմլին ներկայացվող մեղադրանքները։

Նմանատիպ նյութեր