7942 դիտում
13:28 09-07-2018
ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և վերջինիս առանձին անդամների հայտարարություններին
«Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում կատարված չարաշահումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի որոշմամբ հարուցված քրեական գործի առնչությամբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը և նրա առանձին անդամներ նախորդող օրերին հանդես են եկել դատախազության հասցեին անտակտ և ոչ կոռեկտ որակումներով՝ կասկածի տակ առնելով քրեական գործի հարուցման հիմնավորվածությունը:
Հայտարարություններով ոչ կոռեկտ ու անհիմն են որակվել հարուցված քրեական գործի որոշման մեջ տեղ գտած ձևակերպումները՝ փաստացի փորձելով կասկած հարուցել ձեռք բերված փաստական տվյալների մեջ քրեական օրենքով արգելված գործողությունների առերևույթ առկայության վերաբերյալ:
Հետաքրքրականն այն է, սակայն, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը չի հրապարակվել ու չի ուղարկվել Խորհուրդ: Եվ անտրամաբանական ու ոչ բարոյական է ոչ միայն քրեական գործի հարուցման որոշումից անտեղյակության պայմաններում «որոշման մեջ տեղ գտած ձևակերպումների» մասին նման կարծիք հայտնելը, այլև փաստացի Հանրային հեռուստաընկերության «փաստաբանի» դերը ստանձնելն ու առերևույթ հանցանք կատարած անձանց պաշտպանելու տպավորություն թողնելը:
Քրեական գործ հարուցելու առիթը եղել է ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության ակտի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության արդյունքները, հիմքը՝ ուսումնասիրությամբ ձեռք բերված փաստական հանգամանքներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշները, այլ ոչ թե այդ ակտի վերաբերյալ ՀՀ ԱԺ-ում քննարկումները, ԶԼՄ հրապարակումները կամ նույնիսկ որևէ գերատեսչության կողմից տրված պարզաբանումները, որոնք անտեսելու մեջ մեղադրում են Դատախազությանը: Ուղղակի ցավալի է, որ պետական մարմնի ներկայացուցիչները կարող են ոչ միայն նման մակերեսային պատկերացումներ ունենալ քրեական գործի հարուցման առիթների և հիմքերի մասին, այլև դրանց վերաբերյալ սիրողական մակարդակով մեկնաբանություններ անելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով դատախազին վերապահված գործառույթի իրացումը մատուցել որպես հանրությանը հաճոյանալու դրսևորում:
Ավելորդ է նշել, որ ՀՀ դատախազությունը նման բարդույթ երբեք չի ունեցել և չունի: Սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունեն հանրությանը հաճոյանալու հետ, օրինակ, ուսումնասիրությամբ պարզված և քրեական գործի հարուցման որոշման հիմք դարձած հետևյալ հանգամանքներ:
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի և Գ... Ա/Ձ-ի միջև 19.02.2015թ. կնքված պայմանագրով և 25.03.2015թ. կնքված համաձայնագրով Ա/Ձ-ն պարտավորվել է պատրաստել թվով 12 փաստավավերագրական հաղորդում՝ ընդհանուր 29.600.000 դրամ արժեքով:
Պայմանագրի նախահաշվով և գնային առաջարկի նախահաշվով, որպես վարձատրության ծախսեր են նշվել ընդհանուր 24 անձից բաղկացած ստեղծագործական, տեխնիկական և խորհրդատուների անձնակազմերի նախահաշվային կամ գործուղման ծախսերը՝ ներառյալ հարկերը: Մինչդեռ, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ Ա/Ձ-ն ընդհանրապես գրանցված աշխատողներ չի ունեցել: Եվ սա նմանատիպ միակ գործարքը չէ: Ընդ որում՝ կատարված ուսումնասիրությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ առերևույթ չհիմնավորված որոշ ծախսեր կատարվել են Հանրային հեռուստաընկերության պաշտոնատար անձանց կողմից ստորագրված նախահաշիվների և կնքված գործարքների հիման վրա: Իսկ առանձին դեպքերում պայմանագրերը կնքվել են այնպիսի ընկերությունների հետ, որոնց հիմնադիրների տվյալները, ըստ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ստացված փաստաթղթերի, նույնանում են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հանրային հեռուստաընկերության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: (Հետագայում, իհարկե նրանք այդ ընկերություններին մասնակցությունը դադարեցրել են):
Ամենապարզ ողջամտությունը հուշում է, որ ունենալով նման տվյալներ՝ ՀՀ դատախազությունն ուղղակի պարտավոր էր ապահովել քրեադատավարական անհրաժեշտ ընթացակարգ՝ դրանք լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության առարկա դարձնելու, առերևույթ հանցագործությունների ծավալը, բնույթը, դրանցում պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածությունն ու դերակատարությունը պարզելու, նրանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու նպատակով, ինչը կարվի քրեական գործի նախաքննության միջոցով:
Հիշեցնում ենք, որ ցանկացած դատավարական ակտի, այդ թվում՝ քրեական գործ հարուցելու մասին որոշման, կոռեկտության և հիմնավորվածության վերաբերյալ կասկածները փարատելու իրավական և քաղաքակիրթ միջոցը օրենքով սահմանված կարգով դրանց բողոքարկումն է, ինչը դեռևս չի արվել։
Բայց քանի որ Խորհուրդը, պատրաստակամություն հայտնելով աջակցելու նախաքննություն իրականացնող մարմնին (հակառակը կլիներ անհասկանալի), տողատակով փորձում է անվստահություն դրսևորել ՀՀ դատախազության անաչառության նկատմամբ, հարկ ենք համարում հայտարարության հեղինակներին իրազեկել, որ Դատախազությունը հսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ: Որևէ կասկած չպետք է լինի, որ ինչպես այդ, այնպես էլ իր մյուս սահմանադրական գործառույթների իրականացման շրջանակներում գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության, մեղավոր անձանց պատասխանատվության, ինչպես նաև պատճառված վնասների հատուցման ուղղությամբ դատախազությունն իր գործառույթներն իրականացնելու է ամբողջ ծավալով և օրենքով թույլատրելի սահմաններում՝ լիարժեք հրապարակայնության պայմաններում:
Հետևաբար, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին հորդորում ենք զերծ մնալ պետական մարմնին անհարիր՝ չհիմնավորված հայտարարություններով Դատախազությանն անտեղի և էթիկայի սահմաններից ակնհայտորեն դուրս որակումներ հասցեագրելու վարքագծից և համբերատար, գործուն աջակցություն ցուցաբերելով, սպասել նախաքննության արդյունքներին և դրա շրջանակներում տրվելիք քրեաիրավական գնահատականներին:
Նմանատիպ նյութեր
1334 դիտում
14:01 25-02-2015
Ստեղծվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման հանձնաժողով
2517 դիտում
12:10 16-12-2015
Նախագահի հրամանագրով Արմեն Ամիրյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ
Այս բաժնից
1039 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1012 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
940 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր