211652_close_icon
views-count24229 դիտում article-date 16:15 27-07-2018

ՍԱՏՄ-ն հայտնաբերել է կրկնապիտակով ծածկված «Զինվորի բաժին» մակնշմամբ արտադրանք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված պետական վերհսկողության շրջանակներում իրացման ցանցում հայտնաբերվել է կրկնակի պիտակավորմամբ տավարի պահածոյացված շոգեխաշած միս: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առաջին մակնշումը` տպագրված հենց թիթեղյա տարայի վրա, պարունակել է «Զինվորի բաժին» վաճառքի ենթակա չէ» գրառումը, ինչը եղել է ծածկված երկրորդ` թղթե պիտակի միջոցով: Թիթեղյա տարայի մակնշման համաձայն՝ տարայում մսաբուսական պահածո է` կարմիր լոբի, ԽԵԿ միս (խոշոր եղջերավոր կենդանի), գլուխ սոխ, գազար, արևածաղկի ձեթ բաղադրությամբ, իսկ համաձայն երկրորդ՝ թղթե պիտակի մակնշման` տավարի շոգեխաշած միս: Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տարայի պարունակությունը համապատասխանում է երկրորդ մակնշման բաղադրությանը՝ իրացվել է շոգեխաշած միս: Հարկ է նշել, որ երկու պիտակների վրա էլ նշված է միևնույն արտադրողի անունը` «Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ» ՍՊԸ: Պարզվել է, որ ընկերությունն արտադրանք է թողարկում ինչպես ՊՆ, այնպես էլ իրացման ցանցի համար, և, համաձայն տնտեսվարողի բացատրության, տեղի է ունեցել թյուրիմացություն՝ աշխատակիցների անփութության պատճառով: Այդուհանդերձ առավել հավանական է համարվում, որ այդկերպ փորձ է արվել շրջանառությունից դուրս բերել ավելացած տարաները: Արտադրողին տրվել է արտադրանքի հետկանչի կարգադրագիր և խախտումները վերացնելու հանձնարարական: Արտադրողը խմբաքանակը հետ է կանչել իրացման ցանցից: Հավելենք, որ ուսումնասիրության պահին ընկերությունում արտադրական գործընթաց չի եղել և, համաձայն տնտեսվարողի բացատրությունների, արտադրությունը չի գործում ավելի քան երկու ամիս: Հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տնտեսվարողի կողմից ներկայացված բացատրությունների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի պաշտպանության նախարարությանը: Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին կրկնապիտակի կամայական օգտագործման դեպք նկատելիս (անկախ այն հանգամանքից, թե ինչ տեղեկատվություն է թաքցված) ահազանգել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Թեժ գծին» (010)20-60-40 կամ (012)90-60-90 շուրջօրյա հեռախոսահամարներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր