Թուրքական լիրայի անկումն իրարանցում է առաջացրել․ «Ամերիկայի ձայն»
Թուրքական լիրայի սրընթաց արժեզրումը երեքշաբթի օրը հնարավորություն է ընձեռել բազմաթիվ գնորդների թանկարժեք ապրանքներ ձեռքբերել առավել մատչելի գներով: Նրանց մեծ մասը զբոսաշրջիկներ են: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4528611.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Ազգությամբ թուրք, Գերմանիայի քաղաքացի Գուլչանն ասում է, որ հատուկ ժամանել է Թուրքիա գնումներ կատարելու՝ հաշվի առնելով լիրայի նկատմամբ եվրոյի ներկայիս բարձր ինքնարժեքը:
«Մենք համացանցում համեմատեցինք ապրանքների գները, հաշվեցինք մեր եվրո ունենալու առավելությունը և հիմա այստեղ ենք՝ գնումներ կատարելու: Դուք տեսնում եք մարդկանց բազմությունը, եթե ինձ հերթ հասնի, ես ինձ համար պայուսակ կգնեմ», - ասում է Գուլչանը:
Հիշեցնենք, որ թուրքական լիրայի արժեզրկումը վերսկսվեց նախորդ շաբաթ՝ Վաշինգտոնի կողմից Թուրքիայի հանդեպ սահմանված նոր պատժամիջոցներին ի պատասխան՝ Էրդողանի տնտեսական քաղաքականության մասին հայտարարություններից հետո:
Նշենք, որ Էրդողանը կոչ է արել երկրի քաղաքացիներին հրաժարվել ամերիկյան արտադրության էլեկտրոնային սարքավորումներ գնելուց: Նա նաև շարունակում է կոչ անել երկրի բնակչությանը վաճառել իրենց մոտ պահած դոլարներն ու եվրոները՝ լիրայի դիրքերն ամրապնդելու համար: