211652_close_icon
views-count6056 դիտում article-date 17:46 23-08-2018

Ճարպակալումը ամբողջ աշխարհում գրեթե եռապատկվել է. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

1975 թ-ից ի վեր ճարպակալումը ամբողջ աշխարհում գրեթե եռապատկվել է, իր հետ բերելով սրտի հիվանդություններով, քաղցկեղով և շաքարախտով տառապողների թվի աճ: Բնակչությանը առողջ սնվելու վերաբերյալ խորհուրդներ տրամադրելու նպատակով որոշ երկրներ մշակել են սննդակարգին վերաբերող ուղեցույցներ, որոնք հարմարեցված են տեղական պարենային իրավիճակներին: Սննդակարգերը տարբեր երկրների համար տարբեր են՝ կախված սննդի մատչելիությունից, ուտելու սովորույթներից և մշակույթից: Այնուամենայնիվ, երբ խոսքը սննդի մասին է, մենք գիտենք, օրինակ ինչն է լավ և ինչը վատ: Շատ երկրներ դեռևս պայքարում են թերսնուցման դեմ, սակայն ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ օգտագործում են էներգիայով հարուստ, մեծ քանակի ճարպ, շաքար և աղ պարունակող սննդամթերք: Քաղաքակենտրոնացումը /ուրբանիզացիա/, նստակյաց աշխատանքը, ինչպես նաև փոխադրամիջոցների ձևերի զարգացումը նվազեցնում են մարդկանց ֆիզիկական ակտիվությունը՝ նրանց թողնելով ճարպակալման, ավելորդ քաշ հավաքելու և դրանցից բխող տարբեր հիվանդությունների վտանգի տակ: 1975 թ.-ից ի վեր ճարպակալումը աշխարհում գրեթե եռապատկվել է, նպաստելով սրտային հիվանդությունների, քաղցկեղի որոշ տեսակների, ինչպես նաև շաքարախտի դեպքերի թվի աճ: Այս միտումը չի վերաբերում միայն բարձր եկամուտ ունեցող երկրներին: Իրականում, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում ավելորդ քաշով տառապող մարդկանց թիվը ավելի արագ տեմպերով է աճում: Միևնույն ժամանակ, շատ դեպքերում այս երկրները պետք է հոգ տանեն նաև թերաճության, թերքաշության և թերսնման բարձր մակարդակի մասին: Այն ժամանակ, երբ գերքաշությունը բարձր տեմպով աճում է, սննդակարգի մասին ուղեցույցները շատ ավելի են կարևորվում: Ուղեցույցները երկրի կողմից իր բնակիչներին տրվող խորհուրդն է այն մասին, թե ինչպես ավելի ճիշտ սնվել և լինել ավելի առողջ: ՊԳԿ-ի կայքէջը պարունակում է աշխարհում սննդակարգի մասին գոյություն ունեցող ուղեցույցների ամենահամապարփակ հավաքածուն: Ավելի քան 100 երկիր մշակել է սննդակարգի վերաբեյալ ուղեցույցներ, որոնք հարմարեցված են տեղական պարենային իրավիճակներին և ազգաբնակչությանը: Թեև ուղեցույցները կարող են տարբեր լինել կառուցվածքի և ձևաչափի առումով (բուկլետներից մինչև պաստառներ և տեսանյութեր), բովանդակային առումով նրանք շատ ընդհանրություններ ունեն: Ուտելու 7 սովորություն, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում մեր օրգանիզմի և առողջության վրա 1. Ուտել շատ միրգ և բանջարեղեն. Որոշ երկրներ հստակ նշում են, թե օրական ինչքան միրգ և բանջարեղեն պետք է ուտել: Օրինակ հույներն ասում են վեց, կոստառիկացիներն ու իսլանդացիները՝ հինգ: Կանադացիները նույնիսկ նշում են բանջարեղենի գույնը, որ պետք է ուտել (օրական մեկ մուգ կանաչ և մեկ նարնջագույն բանջարեղեն): Չափաբաժիններն էլ կարող են տարբեր երկրներում տարբեր լինել, այդուհանդերձ, բոլոր ուղեցույցներն էլ խորհուրդ են տալիս ամեն օր շատ միրգ և բանջարեղեն ուտել: 2. Զգույշ լինել ճարպերի դեպքում. Տարբեր ձևակերպումներով՝ ուղեցույցների մեծ մասում նշվում է պինդ, չհագեցած ճարպերի օգտագործումը նվազեցնելու մասին, և խորհուրդ է տրվում կենդանական ծագման ճարպերը փոխարինել բուսականի յուղերի: Հունաստանում, օրինակ, խորհուրդ է տրվում ձիթապտղի յուղը, Վիետնամում՝ քնջութի կամ գետնանուշինը, սակայն այն ցույց է տալիս յուրաքանչյուր երկրում տվյալ մթերքի առկայության և մշակութային նախապատվությունների կարևորությունը: 3. Նվազեցնել մեծ քանակի շաքար պարունակող սննդի և խմիչքների օգտագործումը. Հայտնի է, որ վերամշակած շաքարը վնասակար է մարդու առողջության համար: Բոլոր երկրների ուղեցույցներում էլ խորհուրդ է տրվում հնարավորինս քիչ շաքար օգտագործել, փոխարինալով այն մրգերով: 4. Քչացնել նատրիումի/աղի օգտագործումը. Նիգերիան խորհուրդ է տալիս նվազեցնել բուլյոնի խորանարդիկների, իսկ Մալտան՝ նատրիումով հարուստ պատրաստի սննդի օգտագործումը: Կոլումբիան էլ իր հերթին առաջարկում է սահմանափակել վերամշակած մսի, պահածոների և փաթեթավորված արտադրանքի օգտագործումը, որոնք սովորաբար մեծ քանակի աղ են պարունակում: Բոլոր երկրներն էլ այս հարցում միակարծիք են, որ քիչ աղը ավելի լավ է մարդու օրգանիզմի և առողջության համար:  5. Հաճախակի ջուր խմել. Բոլոր երկրների ուղեցույցներն էլ պնդում են, որ ծարավը հագեցնելու լավագույն միջոցը ջուրն է: Իհարկե, նախ պետք է վստահ լինել, որ ջուրը անվտանգ է օգտագործման համար: 6. Եթե ալկոհոլ, ապա չափավոր. Եթե որոշել եք ալկոհոլ օգտագործել, լինի դա գարեջուր, գինի կամ օղի, արեք դա չափավոր: 7. Ֆիզիկական ակտիվությունը դարձնել օրվա անբաժանելի մասը և անել դա ամեն օր. Այն մարդկանց, ովքեր նստակյաց աշխատանք ունեն կամ նստակյաց կյանք են վարում, խորհուրդ է տրվում ամեն օր առնվազն 30 րոպե մարզանք անել: Միևնույն ժամանակ, Բենինի ուղեցույցում նշվում է, որ այն մարդիկ, որոնք ծանր ֆիզիկական աշխատանք են անում, լրացուցիչ մարզվելն այդքան էլ կարևոր չէ նրանց համար: Ուտելու սովորությունները ձևավորվում են վաղ հասակից: Ճիշտ սնվելու վերաբերյալ խորհուրդները օգնում են ընտանիքներին, որպեսզի վերջիններս հոգ տանեն իրենց սննդակարգի և առողջության մասին: ՊԳԿ-ն աջակցում է տարբեր երկրներին՝ իրենց հատուկ սննդային ուղեցույցների մշակման, վերանայման և կիրարկման գործում: Հիմք ծառայելով սնուցման քաղաքականության և կրթական ծրագրերի համար, սննդակարգի մասին ուղեցույցները օգնում են մարդկանց առողջ սնվելու սովորություն և ապրելակերպ ձեռք բերելու հարցում: Տարբեր երկրների սննդային ուղեցույցներին կարող եք ծանոթանալ [url=http://www.fao.org/nutrition/education/food-dietary-guidelines/home/ru/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր