2666 դիտում
13:00 20-09-2018
Հանդուրժողականություն չի լինելու իրեն օրենքից գերադասողի հանդեպ. Վալերի Օսիպյանի ուղերձը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների առթիվ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ուղերձ է հղել սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների առթիվ:
«Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններն են, բացառիկ հնարավորություն յուրաքանչյուր քաղաքացու համար ոչ միայն իր սկզբունքներին հավատարիմ ու խղճի մտոք ընտրելու մեր սիրելի մայրաքաղաքի ապագան, այլև հաստատելու, որ կարող ենք կատարել արդար, թափանցիկ, վստահելի ընտրություն, կարող ենք հանրային ինքնակազմակերպման, փոխադարձ հարգանքի և օրինապաշտության լավագույն օրինակներ տալ:
Ոստիկանությունը հաշվարկել է իր ուժերը, և արված են բոլոր նախապատրաստական աշխատանքները, ինչպես ընտրությունների ընթացքում օրենքով վերապահված գործառույթները ողջ ծավալով իրականացնելու, այնպես էլ ընտրացուցակների վերջնական ճշգրտման, հանրության շրջանում իրավական քարոզչության, ոստիկանության անձնակազմերի մասնագիտական վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով:
Ոստիկանությունը, ինչպես նախընտրական այս փուլում, այնպես էլ «Լռության օրը» և բուն ընտրությունների ընթացքում իր գործառույթներն իրականացնելու է պատշաճ, լիարժեք ու բացառապես օրենքի շրջանակներում:
Միևնույն ժամանակ, ակնկալում ենք մեր հանրության, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ու շարժումների, մեր բոլոր համաքաղաքացիների աջակցությունը, առանց որի անհնար է արձանագրել այն արդյունքները, որ ակնկալում ենք:
Քաղաքական ուժերին կոչ ենք անում բոլոր գործողություններն իրականացնել օրենքի շրջանակում, ձեռնպահ մնալ օրինականության և համակեցության կանոնների խախտումներից, դրսևորել հարգանք ու հանդուրժողականություն, առարկայական աջակցություն բերել ոստիկանության աշխատանքին:
Հասարակական կազմակերպություններին ու քաղաքացիներին կոչ ենք անում հավատարիմ մնալ մեր իսկ հռչակած սիրո ու համերաշխության սկզբունքին՝ միևնույն ժամանակ անհանդուրժող լինել օրենքի ցանկացած խախտման, ցանկացած իրավազանցության հանդեպ:
Նման դեպքերում անմիջապես դիմեք ոստիկանություն. մեր «Թեժ գիծը» գործում է, կարող եք ահազանգել ոստիկանության բաժիններ, իսկ ընտրությունների օրը՝ ընտրատարածքներում հերթապահող կամ շրջիկ խմբերին:
Ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ ընտրությունների օրը արձանագրված բոլոր խախտումները կստանան իրավական գնահատական և իրավական հետևանք կունենան: Օրենքը գործելու է ողջ ծավալով ու խստությամբ: Հանդուրժողականություն չի լինելու ոչ մի իրավախախտի, համակեցության սկզբունքները խախտողի, իրեն օրենքից գերադասողի հանդեպ, որովհետև, կրկնում եմ, մենք հերթական ընտրության չենք գնում, այս ընտրությունը միտված է ապագային, իսկ մեր պետության, մեր ժողովրդի, մեր երեխաների ապագան անսակարկելի է:
Վստահ եմ, որ մեր հասարակության բացարձակ մեծամասնության համոզմունքն եմ արտահայտում. բոլորս ենք շահագրգիռ՝ ունենալու բացառիկ և օրինակելի ընտրություններ և անելու ենք առավելագույնը այդ նպատակի համար: Ուստի մաղթում եմ բոլորիս միակամություն, օրինապաշտություն, միասին գործելու հաստատակամություն ու գործը հաջողությամբ պսակելու կամք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8494 դիտում
18:25 27-06-2018
«Զրո հանդուրժողականություն քաղաքական կոռուպցիայի հանդեպ». Աշոտյանի ելույթը՝ Եվրանեսթ ԽՎ-ում
1027 դիտում
16:43 09-12-2024
ՀՀ-ն արդեն 6 տարի հետևողական պայքար է մղում՝ «0 հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ» գաղափարով. Գալյան
Այս բաժնից
877 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
892 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»