211652_close_icon
views-count2273 դիտում article-date 19:36 25-09-2018

Արա Բաբլոյանը Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Գեւորգ Գորգիսյանը, Շուշան Սարդարյանը եւ Շիրակ Թորոսյանը, պաշտոնական այցով Շվեյցարիայում է: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 25-ին Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հետ: Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը, ողջունելով հայ խորհրդարանականներին, երախտագիտություն է հայտնել այս տարվա փետրվարին Հայաստան կատարած այցի ընթացքում արժանացած ջերմ ընդունելության համար: Դոմինիկ դը Բյումանը ողջունել է մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները՝ նշելով, որ դրանք լավագույն խթան կարող են հանդիսանալ երկրի հետագա զարգացման ու բարգավաճման համար: «Ինձ համար հասկանալի է այդ ամենը, քանի որ Հայաստանը մշակույթի եւ լավագույն ավանդույթների երկիր է»,-ասել է Դոմինիկ դը Բյումանը: Արա Բաբլոյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Շվեյցարիայի հետ ունեցած հարաբերությունների կայունությունը եւ շարունակականությունը. ձեւավորված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ակտիվ են միջխորհրդարանական կապերը, բարեկամական խմբերի համագործակցությունը, առկա է փոխվստահության ու փոխըմբռնման մթնոլորտ: Նա հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների առավել ամրապնդմանը: «Երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, տարբեր իրավիճակներում Շվեյցարիան մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին»,-ասել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը՝ որպես ապացույց ընդգծելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Շվեյցարիայի միջնորդական դերակատարությունը: «Մեր հանդիպումների ժամանակ բազմիցս նշել եմ, որ մենք խնդիրներ չունենք ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի ժողովրդի հետ, մենք խնդիր ունենք այն ղեկավարների հետ, որոնք չեն կարողանում հասկանալ կամ գնահատել այն արժեքները, որոնք մենք ձեզ հետ կիսում ենք: Պետք է ձգտենք անել ամեն ինչ՝ պաշտպանելու զարգացող ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները թե Հայաստանում եւ թե՛ Արցախում»,-ընդգծել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը: Նրա խոսքով՝ դժվար է զարգացնել ժողովրդավարությունը եւ բացել դռները դեպի Եվրոպա մի տարածաշրջանում, ուր ի դեմս Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ հիմնականում ավտորիտար վարչակարգն է կայացած: Արա Բաբլոյանը, անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին, ընդգծել է, որ Հայաստանը եւս մեկ անգամ կարողացավ զարմացնել աշխարհին իր մարդասիրությամբ, հանդուժողականությամբ եւ ժողովրդավարության ձեռքբերումներով: Նա վստահություն է հայտնել, որ անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից հայ-շվեյցարական հարաբերությունները շարունակելու են զարգանալ նույն ոգով: Կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը, կարեւորել համագործակցությունը մասնավորապես գյուղատնտեսության, գիտության, զբոսաշրջության ոլորտներում, կրթական ծրագրերի շրջանակում: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում՝ Ոսկե գրքում: Այնուհետեւ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը շրջել է խորհրդարանում, մասնակցել Ազգային խորհրդի նիստին, որի ժամանակ շվեյցարացի օրենսդիրները ողջունել են հայ խորհրդարանականներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր