Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերը կառավարությունը կհայտարարի ոչ աշխատանքային
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման օրերը ` հոկտեմբերի 7-ից կլինեն ոչ աշխատանքային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ներկայացված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում:
«2018 թվականի հոկտեմբերի 7-ից Հայաստանում սկսվում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանում կլինեն ավելի քան 80 անդամ պետությունների և կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ 25-ից ավելի պատվիրակությունները՝ պետության ղեկավարների մակարդակով:
Հաշվի առնելով վերը նշվածը և գագաթնաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ նպատակահարմար ենք համարում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Երևանում տեղի է ունենալու 2018 թվականի հոկտեմբերի 11-12-ը: