7445 դիտում
23:13 02-09-2018
Ֆրանկոֆոնիայի Գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանում կներկայացվի Յասմինա Ռեզայի դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարք
Ֆրանսիայում գործող Սաթէ-Աթղը թատերական միությունը ՀՀ մշակույթի
նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանկոֆոնիայի
միջազգային կազմակերպության հետ համատեղ Հայաստանում կներկայացնի
Յասմինա Ռեզայի դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարք:
Ֆրանկոֆոնիայի Գագաթնաժողովի շրջանակներում «Սաթէ-Աթղը» թատերական
միությունը նպատակ ունի հայ ընթերցողին և հանդիսատեսին ճանաչելի դարձնել
ֆրանսիացի ժամանակակից նշանավոր դրամատուրգ Յասմինա Ռեզայի թատրոնն ու
ստեղծագործությունները:
Ռեզան աշխարհում ամենաշատը թարգմանված և բեմադրված ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգներից է, ով, դժբախտաբար, գրեթե հայտնի չէ ո՛չ հայ ընթերցողին, և ո՛չ էլ՝ հայ հանդիսատեսին:
Մեր նախագիծը ներառում է հետևյալ միջոցառումների շարքը.
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կբեմադրվի
«Սպանդի Աստվածը» պիեսը: Ներկայացման մեջ ներգրավված են Նարինե Գրիգորյանը, Սերգեյ Թովմասյանը, Տաթև Հովակիմյանը և Արթուր Մանուկյանը: Բեմադրիչ՝ Սաթէ Խաչատրյան:
Նույն պիեսը կբեմադրվի նաև ֆրանսերեն և կցուցադրվի երկու անգամ բացառապես ֆրանկոֆոն հանդիսատեսի համար:
Պիեսի ֆրանսերեն տարբերակում կներկայանան հրավիրյալ դերասաններ՝ Քիթ Ֆարքուարը /Ֆրանսիա/, Մարժոլեն Օժերը /Կանադա/ և Ժերալդ Բաբազյանը /Ֆրանսիա/:
Հրավիրյալ արտիստները կանցկացնեն նաև վարպետության դասընթացներ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում /ուսանողների համար/ և Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում /պրոֆեսիոնալ դերասանների համար/:
Կդասավանդվի մասնավորապես Մայզների տեխնիկան:
Վարպետության դասընթացներ կլինեն նաև ֆրանսերեն ուսումնասիրողների համար՝ ՛՛Սովորել ֆրանսերեն թատրոնի միջոցով՛՛ խորագրով:
Կթարգմանվի և Զանգակ հրատարակչատան կողմից կհրատարակվի Յասմինա Ռեզայի վեց պիես: Գրքի շնորհանդեսը կկայանա Զանգակ գրատանը:
Նույն վայրում կցուցադրվի նաև Ռեզայի ՛՛ԱՐՎԵՍՏ՛՛ պիեսի թատերականացված ընթերցումը, որը Սաթէ-Աթղը թատերական միությունը իրականացնում է ԱԳՈՐԱ թատերախմբի հետ համատեղ:
Ռեզայի պիեսների ժողովածուի հայերեն գրքի շնորհանդեսը կկայանա նաև Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:
LOFT-ում կցուցադրվի Ռեզայի ՛՛ԿՅԱՆՔԻ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ՛՛ պիեսը, որը կբեմադրեն երեք ռեժիսորներ: Բեմադրությունն իրականացվում է ԱԳՈՐԱ թատերախմբի հետ համատեղ, գեղարվեստական ղեկավար և բեմադրիչ՝ Սերժ Մելիք-Հովսեփյան:
Սաթէ-Աթղը թատերական միությունը կմեկնի նաև Գորիս՝ ՛՛Սպանդի Աստվածը՛՛ բեմադրությունը Գորիսի հանդիսատեսի դատին ներկայացնելու: Ներկայացումից բացի կլինեն նաև վարպետության դասընթացներ:
Միությունը վարպետության դասընթացներով հանդես կգա նաև Սևանում:
Հայ թատրոնի խաղացանկը կարիք ունի թարմանալու համաշխարհային հնչեղություն ունեցող գրողների երկերով, և սա հրաշալի առիթ կլինի անդրադառնալու համաշխարհային գրականության և թատրոնի մեջ իր ուրույն տեղն ունեցող ժամանակակից այս հեղինակինֈ
Մեր նախագծի աջակիցներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը, Լյոնի Մետրոպոլը (Métropole de Lyon), Իզեղ դեպարտամենտի խորհուրդը (CDI), Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանը, ԻՐԱՊԱ հարթակը (IRAPA) և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (OIF), ինչպես նաև Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, Զանգակ գրատունը և հրատարակչատունը, LOFT-ը, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն ու Երևանի քաղաքապետարանը:
Նմանատիպ նյութեր
6216 դիտում
17:12 08-10-2018
Ուշադրություն. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում փակ են լինելու փողոցներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4958 դիտում
12:45 06-10-2018
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստով
22710 դիտում
23:04 03-10-2018
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերը կառավարությունը կհայտարարի ոչ աշխատանքային