211652_close_icon
views-count4451 դիտում article-date 14:35 11-10-2018

Աչաջուր համայնքում բացվել են Գյուղատնտեսական սպասարկման կենտրոն և Գինեգործական փորձացուցադրական արտադրամաս

Հոկտեմբերի 10-ին Տավուշի մարզի Աչաջուր համայնքում կայացավ ՀՀ կառավարության և միջազգային ու հայաստանյան կազմակերպությունների համատեղ ջանքերով կյանքի կոչված երկու գյուղատնտեսական մասնագիտացված կենտրոնների պաշտոնական բացումը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ/USAID) ֆինանսավորմամբ «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ՀԿ-ի ու «Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլ» հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI/ԱՐԴԻ) ծրագրի և CARD հիմնադրամի համագործակցության շրջանակում Աչաջուր համայնքում հիմնվել է Գյուղատնտեսական սպասարկման կենտրոն: Մասնագիտացված կենտրոնն ուղղված է ոչ միայն Տավուշում խաղողագործության (այգիների աճեցում և կառավարում) զարգացմանը, այլև նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը Հայաստանում: ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (PRP) ծրագրի շրջանակներում CARD հիմնադրամը Սպասարկման կենտրոնին կից հիմնել է նաև Գինեգործական փորձացուցադրական արտադրամաս: Այն հարթակ կհանդիսանա խաղողագործության և գինեգործության ոլորտի արդի տեխնոլոգիաների և միջազգային փորձի կիրառման և տարածման համար: Կենտրոնի տեխնիկան ապահովել է ԱՐԴԻ ծրագիրը, իսկ նախաձեռնության տեխնիկական աջակցությունը ցուցաբերվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից ֆինանսավորվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրը: Նորաբաց այս երկու կենտրոնները միտված են զարգացնելու խաղողագործությունը, գինեգործությունը և տուրիզմը Տավուշի մարզում։ CARD հիմնադրամը հուշագիր է ստորագրել Ֆրանսիայի խաղողագործության և գինեգործության ինստիտուտի հետ` ֆիլոքսերադիմացկուն խաղողի տնկանյութի համատեղ արտադրության նպատակով մասնագիտական աջակցության տրամադրման շուրջ։ Այս գործընթացը ֆինանսավորվում է նաև Պեռնո Ռիկար խմբի Երևանի կոնյակի գործարանի կողմից: Երկու կենտրոնների հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին պաշտոնատար անձինք ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ: 2013 թ. օգոստոսից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) հնգամյա ծրագիրը: Այն ուղղված է Հայաստանի մարզերում տեղական տնտեսական զարգացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և բնության պահպանմանը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը, «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD): Գյուղի Զարգացման Արդի Նախաձեռնություն (ԱՐԴԻ/ARDI)ը հնգամյա ծրագիր է, որը մեկնարկել է 2013 թ.-ի սեպտեմբերին և ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Ծրագրի նպատակն է Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի գյուղական համայնքներում խթանել գյուղական զբաղվածությունը` տնտեսական զարգացման խոչընդոտները վերացնելու ճանապարհով: Ծրագիրն աջակցություն է տրամադրում գյուղատնտեսության երեք հիմնական ոլորտներում` կաթի վերամշակում, մրգերի վերամշակում և գյուղական զբոսաշրջություն: Ծրագիրն իրականացնող կազմակերպություններն են Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» և «Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլ» հայաստանյան մասնաճյուղը:

Նմանատիպ նյութեր