211652_close_icon
views-count5807 դիտում article-date 20:59 16-10-2018

Աշխարհի գիտնականները Հայաստան են ժամանում` շնորհավորելու ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյա հոբելյանը

Վաղը՝ հոկտեմբերի 17-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) տեղի կունենա նիստ` նվիրված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյա հոբելյանին: ՀՀ ԳԱԱ-ի հոբելյանը կշնորհավորեն Բելառուսից, Էստոնիայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Մոլդովայից, Չեխիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Սլովենիայից, Վրաստանից, Ուկրաինայից Հայաստան ժամանած գիտական պատվիրակությունների ներկայացուցիչները: Այնուհետև` ժամը 12.30-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի տարածքում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ցուցահանդեսի բացման արարողություն: Կներկայացվեն ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների ուղղությունները, նվաճումները: Ցուցահանդեսում կներկայացվեն գիտական հետազոտությունների կիրառական նշանակության արդյունքները և գիտատեխնիկական նախանմուշները, որոնք արտացոլում են ՀՀ ԳԱԱ-ի ինովացիոն պոտենցիալը: Ցուցահանդեսը կտևի 3 օր` հոկտեմբերի 17-19: Հոկտեմբերի 19-ին ցուցահանդես կայցելեն Հայաստանի ավագ դպրոցների աշակերտները` ծանոթանալու Հայաստանի գիտնականների ձեռքբերումներին: Հայաստանի գիտությունների ազգային ակադե­միան ստեղծվել է 1943 թ. նոյեմբերին որպես Հայաստանի բարձրագույն գիտական հաստատություն, որը կոչված է` միավորելու գիտնականների ջանքերը հիմնարար հետազոտություններ իրականացնելու, հայ ժողովրդի հարուստ հոգևոր ժառանգությունը երևան հանելու և վերաիմաստավորելու, տնտեսական, սոցիալական և մշակութային հիմնախնդիրների տեսական և գործնական լուծման և երկրի ազգային անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքների կատարման համար: Այս տարիների ընթացքում Հայաստանի գիտնականները հասել են տպավորիչ արդյունքների: Աստղաֆիզիկայի բնագավառում ձեռքբերումները համաշխարհային փառք բերեցին Հայաստանի գիտությանը: Ֆունկցիաների տեսության և մոտավորությունների տեսության գծով հայ մաթեմատիկոսների, իսկ դեֆորմացվող պինդ մարմինների մեխանիկայի բնագավառում հայ մեխանիկոսների հիմնարար հետազոտությունները լայնորեն հայտնի են և մեծ ներդրում ունեն համաշխարհային գիտության մեջ: Նոր էական արդյունքներ են ձեռք բերվել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում`կիբերնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական խնդիրների լուծման, ավտոմատացված համակարգերի մաթեմատիկական ապահովման ուղղությամբ: Կատարվել են էլեկտրոնային ենթակառուցվածքների մշակումը և գիտական և տեխնիկական խնդիրների լուծման համար բարձր արտադրողականության հաշվարկների ներդրումը: Հայաստանի ֆիզիկոսների և ռադիոֆիզիկոսների հետազոտություններն ընդգրկում են տիեզերական ճառագայթներից մինչև քվանտային էլեկտրոնիկա, նոր նյութերի ստեղծումից մինչև մեծ ճշգրտություն ունեցող սարքերի ուսումնասիրություններ, որոնք արժանացել են գիտական բարձր մրցանակների և պարգևների: Երկրաբանների հետազոտությունները ընդգրկում են Հայաստանի և տարածաշրջանի շերտագիտության, տեկտոնիկայի, մագմատիկայի և հանքացման հիմնախնդիրների ուսումնասիրությունը: Հայաստանի ամբողջ քիմիական արդյունաբերությունը խարսխված է եղել մեր քիմիկոսների խորը և հիմնարար հետազոտությունների վրա անօրգանական քիմիայի, օրգանական քիմիայի և նուրբ օրգանական քիմիայի, պոլիմերայի քիմիայի, քիմիական ֆիզիկայի բնագավառներում: Ուսումնասիրվել են կենսաբանական գիտությունների հրատապ հիմնախնդիրները, որոնք միահյուսված են եղել բժշկագիտության, գյուղատնտեսության, գոյապահպանության և հարակից այլ գիտություններ հետ տարբեր հարցերում: Կատարվել են և շարունակվում են կատարվել կանոնավոր ուսումնասիրություններ լեռնամերձ լճերի և Սևանա լճի կենսաբանության ուղղությամբ: Հումանիտար և հասարակական գիտությունների տարբեր բնագավառներում հիմնարար ուսումնասիրությունների շնորհիվ Հայաստանը դարձել է աշխարհում հանրաճանաչ հայագիտական կենտրոն: ՀՀ ԳԱԱ-ն մոտակա տարիներին պատրաստվում է՝ - ամրապնդել գիտահետազոտական կազմակերպությունների կարողությունները հիմնարար և կիրառական հետազոտությունների շարունակականության և զարգացման համար -զարգացնել ենթակառուցվածքներ -պատրաստել բարձրորակ գիտական և գիտատեխնիկական կադրեր -ներկայացնել կիրառական մշակումների նորարարական առաջարկներ -էականորեն ընդլայնել միջազգային համագործակցությունը: [b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր