Amnesty International-ը կոչով դիմել է Ջոն Բոլթոնին՝ Բաքու այցի նախաշեմին
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Բաքու այցի նախաշեմին Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել պահանջել Իլհամ Ալիևի վարչակազմից՝ դադարեցնել մարդու իրավունքների ոտնահարումները:
Բոլթոնը Ադրբեջան կայցելի հոկտեմբերի 22-ին: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունը Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային հասցեագրված հայտարարությունում նշում է, որ Ալիևի վարչակազմը պարբերաբար ոտնահարում է խոսքի ազատությունը, վերահսկում բոլոր հիմնական լրատվամիջոցները, բռնության ենթարկում իրավապաշտպաններին:
Amnesty International-ը նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականին նաև կոչ է անում Ադրբեջանի ղեկավարներից պահանջել ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխթարլիին, ով առևանգվել է 2017 թվականին Թբիլիսիում և ադրբեջանական դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման դատապարտվել կեղծ մեղադրանքներով: