211652_close_icon
views-count1324 դիտում article-date 14:25 08-11-2018

Երևանում իրականացվում են չոր ծառերի հատման և վթարային ծառերի խորը էտի աշխատանքներ՝ մասնագիտական հանձնախմբի եզրակացությամբ

Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է մասնագիտական հանձնախումբ, որի նպատակն է ուսումնասիրել մայրաքաղաքի չոր և վթարային ծառերը, տալ մասնագիտական եզրակացություն և անհրաժեշտության դեպքում կատարել հատում կամ խորը էտ: 12 անդամներից կազմված հանձնախմբի կազմում ներգրավված են գիտնականներ, ոլորտի մասնագետներ, բնապահպաններ, ծառագետներ և այլն: Երևանի ավագանու անդամ Կարեն Անտաշյանը, ով նույնպես ներգրավված է հանձնախմբի աշատանքներում, մասնագետների հետ շրջել է հասցեագրված տարածքներում, ուսումնասիրել չոր և վթարային ծառերը: «Մենք փոքր խմբերով եղանք բոլոր ծառերի մոտ, տվեցինք մեր մասնագիտական եզրակացությունը և այժմ աշխատելու ենք կարճ ժամկետներում իրականացնել հատման և խորը էտի աշխատանքները: Ուրախ եմ, որ հանձնախումբ ձևավորելու մեր կոչին օպերատիվ կերպով արձագանքեցին բազմաթիվ մասնագետներ, ինչի շնորհիվ հնարավոր եղավ աշխատանքները սկսել բավական սեղմ ժամկետներում»,- նշել է Կարեն Անտաշյանը: Համաձայն հանձնախմբի արձանագրությունների՝ մայրաքաղաքում հատման են ենթարկա թվով 437 չոր ծառ, իսկ խորը էտի՝ 467 վթարային ծառ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը շեշտում է, որ ծառերի չորացման և վթարային դառնալու պատճառները տարբեր են: «Ծառերից շատերն արդեն բավականին ծեր հասակ ունեն, որոշների արմատային համակարգը խորացել է և հանդիպել ժայռաբեկորների կամ զարգացել է վերգետնյա, հաճախ հանդիպում է նաև ծանր և վնասական մետաղների ազդեցություն: Ծառերի համար շատ վնասակար է նաև CO գազի արտանետումը»,- նշել է Սուրեն Մաքսապետյանը: Բնապահպանության վարչության պետի տեղակալը նաև հավելել է, որ տարվա ընթացքում առանձին դեպքերում նույնպես կարող են իրականացվել ծառերի հատման կամ խորը էտի աշխատանքներ: Իսկ այն քաղաքացիները, որոնք կհանդիպենք ապօրինի ծառահատումների, կարող են դիմել համապատասխան վարչական շրջանի աշխատակազմ կամ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ՝ +(374 11) 514 000 հեռախոսահամարով: Չոր և վթարային ծառերի թվում հաճախակի հանդիպում են նաև այնպիսինները, որոնք արտաքինից վնասված չեն երևում: ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կենսաքիմիայի բաժնի ավագ գիտաշխատող Գայանե Ներսիսյանի խոսքերով արտաքինից անվնաս այդ ծառերի մոտ մասամբ բացակայում է արմատային համակարգը, և դրանք քամու ազդեցությանբ կարող են հեշտությամբ տապալվել: Նշենք, որ չոր և վթարային ծառերի հատման և խորը էտի աշատանքները նախատեսված են մինչև նոյեմբեր ամսվա վերջ: Դրանք կլրացվեն ինչպես աշնանային, այնպես էլ գարնանային ծառատունկերի ընթացքում: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր