211652_close_icon
views-count1241 դիտում article-date 18:55 16-11-2018

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես համագործակցել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության հետ, մասնավորապես, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք, օրինակ, այլընտրանքային էներգետիկայի, բնապահպանության, աղբահանության ու աղբի վերամշակման և այլ ոլորտներին վերաբերող ծրագրերի շրջանակներում: Քաղաքապետը գոհունակությամբ նշել է, որ նման ծրագրերը հնարավորություն են ընձեռում ձեռք բերել նոր գործընկերներ, ինչպես նաև իրականացնել փորձի փոխանակում: Դեսպան Սվիտալսկին շնորհավորել է Հայկ Մարությանին և նրա թիմին՝ Երևանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ընդգծելով, որ դրանք Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման լավ ավանդույթի հիմք կարող են դառնալ: Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշել է ԵՄ մասնակցությամբ Երևանում իրականացված ծրագրերի կարևորությունը, ընդգծելով, սակայն, որ համագործակցության ներուժը լիարժեքորեն կիրառված չէ: ԵՄ պատվիրակության ղեկավարը առաջարկել է նոր մակարդակի բարձրացնել համագործակցությունը քաղաքային իշխանության հետ: Քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու հարաբերությունները, մասնավորապես, վստահեցնելով, որ Երևանում հաջորդ գարնանն անցկացվելիք Եվրոպայի օրերը աննախադեպ են լինելու իրենց կազմակերպվածության առումով: Կողմերը հուշանվերներ են փոխանակել:

Նմանատիպ նյութեր