12284 դիտում
23:31 20-11-2018
Ի զորակցություն և ի պաշտպանություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու
Շատ մեծ հիասթափություն ապրեցի, երբ իմացա, որ Ազգային Ժողովը չընդունեց Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունն ապահովելուն ուղղված օրենքի նախագիծը և տվեց բացասական եզրակացություն:
Ըստ իս, Հայ Առաքելական Եկեղեցու, մասնավորապես Ամենայն Հայոց կաթողիկոսի, Եպիսկոպոսաց Խորհուրդի անդամների անվտանգությունը պետք է երաշխավորված լինի պետական մակարդակով ո՛չ թե սեփական հոտից, այլ «կրոնական» և սեռական փոքրամասնություններից, որոնք տարիներ շարունակ՝ ստանալով դրսից համապատասխան նյութական աջակցություն, մեր հոգևոր, ազգային և պետական հիմքերն են ցանկանում նենգաբար ոչնչացնել:
Դա է նրանց հիմնական նպատակը, որի համար նրանք գումար և ջանք չեն խնայում:
ՀՀ պետական մարմինները պարտավոր են քայլեր ձեռնարկել եկեղեցական ինստիտուտը թիրախավորող, բռնության դրսևորման միտումներ ունեցող գործողությունները կանխելու ուղղությամբ: Իշխանությունները պարտավոր են միջամտել և սույն հարցին լուծում տալ՝ հիմք ընդունելով ինչպես Սահմանադրությամբ ամրագրված Հայ Եկեղեցու որպես ազգային եկեղեցու կարգավիճակը և քննարկվող խնդրի բարոյական կողմը:
Մեր սիրելի հավատացյալ ժողովուրդը, ցավոք, լրջորեն չի մոտենում այս հարցին և գիտակցաբար, թե անգիտակցաբար մարդիկ անտեսում են մի շարք երևույթներ, որոնք աստիճանաբար քանդում են մի եկեղեցի, որը դարեր շարունակ եղել է մեր ազգային էության բաղադրատարրն ու ինքնության պահպանման միակ գործոնը:
Կուզենայի այս անգամ անդրադարձ կատարել ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ոչ հավասարակշռված, անվայել և վիրավորական հայտարարությանը, որն ուղղված էր ո՛չ միայն Գարեգին Բ կաթողիկոսի անձին, այլ նաև ամբողջ ՀԱԵ հսկայական համալիրին՝ իր միլիոնավոր զավակներին:
Պարոն պատգամավոր, մի՞թե դուք շեղվել եք իրականությունից և սկսում եք մոռանալ, թե ինչ կարևոր դերակատարում է ունեցել և ունի եկեղեցին հայ ազգի հասարակական, մշակութային և գոյատևման գործընթացներում:
Որքան էլ հարգված ազատամարտիկ լինեք, պարոն Միքայելյան, այնուամենայնիվ դուք չունեք բարոյական իրավունք նման կերպ արտահայտվել մեր հոգևոր առաջնորդի մասին:
Դուք մեր բոլոր սրբակյաց կաթողիկոսների անունները, ի մասնավորի Վազգեն Վեհափառի, աղավաղում եք:
Այս քայլով ձեր վարկանիշը ամենևին էլ չեք բարձրացնում, այլ ճիշտ հակառակը՝ կկորցնեք ժողովրդի սերն ու վստահությունը:
Եթե անգամ մեր պատգամավորը ակնարկում էր կաթողիկոսի ունեցած բացթողումների մասին, ապա ի պատասխան այդ մեղադրանքի ես կասեմ, որ բոլորս էլ մարդ ենք և այս աշխարհում մեկ-մեկ ակամայից անկարող ենք զերծ մնալ սխալներից, այդ թվում և վեհափառը, ով նույնպես հասարակ մահկանացու է և ապահովագրված չէ փորձանքներից ու գայթակղություններից: Պարոն Միքայելյանն էլ բացառություն չէ: Փոխանակ մի մարդու նման կանգնեն եկեղեցու թիկունքին, նրանք՝ դեմ քվեարկողները, կոպիտ ասած, այդ նույն թիկունքից հարվածում են:
Առանց անհարմար զգալու հավասարեցնում են 1700 տարվա պատմություն կերտող Մայր Աթոռը աղանդավորական սրբապիղծ կառույցների: Այսպե՞ս եք գնահատում Հայ Եկեղեցու կատարած գործունեությունը: Ինչու՞ կառավարությունը տալիս է աղանդներին, այլասերվածներին արտոնություններ, որոնք զբաղվում են հակաազգային և հակապետական գործունեությամբ: Ինչու՞, երբ մեկ աղանդավոր բռնության է ենթարկվում, կամ նրա հասցեին թթու խոսք ասվում, բոլոր պետական, հասարակական իրավապաշտպան կառույցները անմիջապես աղմուկ են բարձրացնում ի լուր աշխարհի, բայց երբ մենք՝ քրիստոնյաներս, ի դեմս Գարեգին Բ-ի հայտնվում ենք նույն իրավիճակում, դուք բոլորդ լռում եք:
Բա ո՞վ պետք է պաշտպանի մեծամասնության ոտնահարած օրենքները:
Սա պարզապես ծրագրված աշխատանք է: Պարզաբանեմ: Գաղտնիք չէ, որ դրսից ֆինանսավորումը հետապնդում է միայն քաղաքական շահ: «Կյանքի Խոսքը» Եհովայի վկաները և մնացած աղանդավոր կազմակերպությունները հավատքի անվան տակ խաբում են շարքային քաղաքացիներին, որոնցից շատերը ՀԱԵ հետևորդներ են, և դրանով պառակտում հասարակության բազմաթիվ շերտերը, ինչի հետևանքով էլ անկանխելի են դառնում զանգվածային բախումները:
Մենք փոքր ազգ ենք, և թողած արտաքին թշնամուն իրար մի՞ս ենք ուտելու: Եթե այսօր մենք անտարբեր մնանք այս երևույթներին, ապա վաղը աղետալի խնդիրների առաջ ենք կանգնելու:
Իմ խորին համոզմամբ, բավական է կտրել հային իր եկեղեցուց, որպեսզի նրան դատապարտես ուծացման: Եւ դժբախտաբար, այսօր մենք մե՛ր իսկ ձեռքերով, մե՛ր իսկ զինվորականների, քաղաքական գործիչների և մտավորականների ձեռքերով իրականացնում ենք սպիտակ ցեղասպանություն մեր սեփական ազգի նկատմամբ:
Ինձ համար պարզ դարձավ յուրաքանչյուր քաղաքական ուժի արժեհամակարգը ում վրա է հենված: Արդեն ակնհայտ երևում է այն բացահայտ աջակցությունն ու օժանդակությունը մի շարք քաղաքական գործիչների կողմից աղանդավորական կազմակերպությունների: Նրանք օրեցօր հզորացնում են իրենց դիրքերը երկրում և իրագործում են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են ընդդեմ Մայր եկեղեցու և առհասարակ ընդդեմ հայի տեսակի:
Սիրելի եղբայրներ և քույրեր, մենք բոլորս պարտավոր ենք համատեղ ջանքերով պայքարել Հայ Առաքելական եկեղեցու Հայրապետի, այլև եկեղեցական ինստիտուտի նկատմամբ բացահայտ ոտնձգության, ինչն ուղղակիորեն հարվածում է հայ ժողովրդի հոգևոր միասնության համակարգին։ Մենք պետք է ամբողջանանք և հարկ եղած դեպքում ճնշում գործադրենք պետական մարմինների վրա, որ մեր խոսքը էլ ավելի հասանելի դարձնենք:
Պետությունը պարտավոր է համապատասխան քայլեր ձեռնարկել եկեղեցին թիրախավորող, բռնության դրսևորման միտումներ ունեցող գործողությունները կանխելու ուղղությամբ։
Եւ գիտցե՛ք, մենք՝ եկեղեցու հավատարիմ զավակներս, կապացուցենք, որ ՀԱԵ եղել է, կա և միշտ լինելու է մեր հավատքի և պետականության երաշխիքը:
Թող Տերը ցույց տա դարձի ճանապարհը բոլոր նրանց, ովքեր հպատակվել են չարին:
Աստված մեզ պահապան:
[color=#EF2929]
Սեդրակ Մուրադյան[/color]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»